Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր անունները» վերաճեց փառատոնի

Հունիս 09,2017 13:30

Իսկ համանուն փառատոնն էլ նոր՝
«Հայ պատանի տաղանդը՝ անկախ բնակության վայրից» նախագծի

Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը, որի նախաձեռնողը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանն է, 2018թ. կնշի իր 30-ամյակը։ Վերջերս կայացավ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային փառատոնը։
«Առավոտի» հետ զրույցում Սիլվա Մեքինյանը հիշեց 1980-ականների վերջերը, երբ մշակույթի նախարարի տեղակալ էր ու երկրաշարժից հետո Սպիտակում ականատես է եղել, իր բնորոշմամբ, հողին հավասարեցված երաժշտական դպրոցին եւ որոշում կայացրել ստեղծել մի կառույց, որը հնարավորություն կընձեռի երեխաներին ուսում ստանալ, պրոֆեսիոնալ ճանապարհով բացահայտել տաղանդներին, նրանց ներկայացնել ոչ միայն հայրենիքում, այլեւ արտասահմանում։ Տիկին Մեքինյանը անկեղծացավ, որ այս ծրագրի յուրաքանչյուր կետ խորը մտածված է, ուսումնասիրված ժամանակին Մոսկվայում ստեղծված համանուն նախագծից։

Անդրադառնալով փառատոնին, տեղեկացնենք, որ տարբեր անվանակարգերում ¥դաշնամուր, լարային, փողային գործիքներ, վոկալ, հայկական ժողովրդական նվագարաններ) հանդիպեցինք պատանի երաժիշտների ոչ միայն Հայաստանից, Արցախից, այլեւ Ռուսաստանից, Իրանից, Կանադայից, ԱՄՆ-ից։ Ներկայացված ծրագրերում ոչ միայն համաշխարհային գրականության հայտնի նմուշներ էին, այլեւ հայկական ժողովրդականից մինչեւ Կոմիտաս, Սայաթ-Նովա, Բաբաջանյան։ Հանդիպեցինք նույնիսկ տեղացի եւ «դրսի» ճանաչված երաժիշտների թոռների, օրինակ՝ Յուրի Բաշմետի ջութակահար թոռանը՝ Գրանտին, տրոմբոնահար, ՀՀ վաստակավոր արտիստ Օմար Պապիկյանի թոռանը՝ դարձյալ տրոմբոնահար Վարդանին եւ այլն։

«Նոր անունների» սաները փայլուն ելույթներ են ունեցել ինչպես հանրահայտ բեմերում, այնպես էլ մասնակցել մի շարք միջազգային փառատոների։ «Մեր ծրագրի համերգային կենսագրությունը իսկապես հարուստ է։ Բազում ելույթներ ենք ունեցել ոչ միայն Երեւանում, այլեւ հայաստանյան մարզերում։ Աշխարհագրությունն էլ ընդգրկուն է, հասնում է մինչեւ Լատինական Ամերիկա, եվրոպական եւ Մերձավոր Արեւելքի երկրներ։ Նշեմ մի քանիսը՝ «Մոլորակի նոր անուններ» ¥ՌԴ), ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողով ¥Ֆրանսիա), «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնական գրասենյակ (Պրահա), «Արամ Խաչատրյան-100» ¥Բոստոն, Վաշինգտոն, Նյու Յորք), «Հայաստան-2020» (Հունաստան), ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակի Ազգությունների պալատ եւ այլն։ 2015 թ. հայ պատանիները մասնակցեցին երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Մալթայի «Նոր անուններ» համատեղ նախագծին՝ Մալթայում, ինչպես նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ավստրիայի պատանի երաժիշտների համատեղ համերգին Վիեննայում»,- ներկայացրեց տիկին Մեքինյանը։

Մեր զրուցակիցն ասաց նաեւ, թե փառատոնը ծնունդ է տվել մի նոր նախագծի. ի մի բերել հայ պատանի տաղանդը՝ անկախ բնակության վայրից, Հայաստանի «Նոր անունների» հյուրախաղերում ընդգրկել նաեւ մեր սփյուռքի շնորհալի երաժիշտների։ Հավելեց նաեւ, որ 2011թ. ծրագիրը գործում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։
Հետաքրքրվեցինք՝ խորհրդային տարիներին Կենտկոմի քարտուղարների կանայք աջակցո՞ւմ էին մշակույթին։

«Երբ ես օպերային թատրոնի դիրեկտորն էի, յուրաքանչյուր տարի հանդես էինք գալիս չորս պրեմիերայով՝ երկու օպերային եւ երկու բալետային։ Կարեն Սերոբիչը եւ իր տիկինը օպերային թատրոնի մշտական հանդիսատեսներից էին… Իհարկե, աջակցել են, առանց որի ո՛չ մի երկրում, ո՛չ մի ղեկավարի օրոք մշակույթը պարզապես չի կարող առաջ գնալ»։

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

08.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930