Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ սկսվում է մանկությունից ու արմատներից

Հունիս 09,2017 13:00

Սիմոն Ծատուրյանը հայտնի է որպես մի քանի վեպերի հեղինակ, Հայաստանի գրողների միության անդամ, ռուսաստանաբնակ իրավաբան, դատախազ ու խստապահանջ ընկեր, ով որտեղ էլ որ աշխատեր, իր ետեւից հարգանք ու պատիվ էր թողնում: Նա սիրում էր դատարանում «փրկել» մարդկանց, ներդնել ամբողջ ուժը յուրաքանչյուր աշխատանքում, սակայն իր կյանքը փրկել չկարողացավ, նա մահացավ անցած տարվա դեկտեմբերի 5-ին դատարանում՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս:

Օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հուշ-ցերեկույթ էր կազմակերպված՝ նվիրված նրա հիշատակին: Այդ օրը կլրանար նրա 67-ամյակը:

Ներկա էին նրա հարազատները, բարեկամները, գործընկերները, ծանոթ ու անծանոթ մարդիկ: Նրա հիշատակին՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի, Միրզա Սլոյանի եւ Սիմոն Ծատուրյանի ընտանիքի աջակցությամբ հրատարակել էին երկու գիրք, որոնց շնորհանդեսն էլ տեղի ունեցավ:

Խոսում էին Սիմոն Ծատուրյանի ընկերները՝ Արա Աբրահամյանը, Իգոր Զարգարյանը, Կարո Հակոբյանը, Կարինա Թաշյանը եւ ուրիշներ։ Նրանք կիսվեցին իրենց տպավորություններով ու պատմություններով, որոնք լի էին կարոտով ու սիրով դեպի իրենց լավ ընկերը, գործընկերը:

Միջոցառումը սկսվեց միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի նախագահի մրցանակակիր, դաշնակահար Արմեն Մանասյանի՝ Առնո Բաբաջանյանի «Էլեգիայի» կատարմամբ:

Ընթացքում հանդիսատեսին նվիրեցին «Ամեն ինչ սկսվում է մանկությունից կամ անվերջ վերադարձ» գրքի լույս տեսած երկու տարբերակները՝ հայերեն ու ռուսերեն լեզուներով, իսկ գիրքը հանդիսատեսին ներկայացրեց այն կազմող ու խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը.
«Այսօր հետաքրքիր օր է բոլորիս համար, որովհետեւ մենք, ի դեմս Սիմոն Ծատուրյանի այս գրքի, կատարում ենք իր ցանկություններից մեկը: Օգտվելով իր իսկ խոսքերից՝ այն անվանել ենք «Ամեն ինչ սկսվում է մանկությունից», պարզապես ավելացնելով «Անվերջ վերադարձ» բառերը: Քանի որ Սիմոն Ծատուրյանը բոլորիս մեջ ունենալու է այդ անվերջ վերադարձը, եւ նա անվերջ վերադառնալու է այն երեք վեպերով, որոնք տեղ են գտել այս գրքում: Առաջին վեպը՝ «ԼԷՄՍ. վերադարձ», շատերիս է ծանոթ, իսկ երկու վեպերը՝ «Գրամեքենան» ու «Աղավնիները» նա տարիներ շարունակ չէր հրապարակում։ Երբ վերջին անգամ, անցած տարվա սեպտեմբերին Հայաստան եկավ, արդեն մտածում էր դրանք ընթերցողի դատին հանձնելու մասին։ Նա չհասցրեց։ Դա անելու հնարավորությունն ունեցանք մենք, եւ, հուսով եմ, բոլորը, ովքեր նվեր ստացան այս գիրքը, առիթ կունենան նորովի ծանոթանալու նրա ստեղծագործական հունձքին, որը բավականին հետաքրքիր է»:
Այնուհետեւ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանի կատարմամբ հնչեց մի հատված «ԼԷՄՍ. վերադարձ» վեպից: Այն խոր տպավորություն գործեց եւ հուզեց բոլորին։ Հուշ-ցերեկույթի ընթացքում կատարումներ հնչեցին ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Սահակյանի, Արմենուհի Սեյրանյանի, Ռաֆայել Վարդանյանի կատարմամբ, որոնք համահունչ էին օրվա ոգուն:

Հուշ-ցերեկույթն ավարտվեց տեսաֆիլմի առաջին ցուցադրությամբ։ Այն նկարահանել էին Սերգո Երիցյանը եւ Գայանե Թամամյանը, երբ Սիմոն Ծատուրյանը վերջին անգամ՝ անցած տարվա աշնանը, եկել էր Հայաստան, այցելել էր իր ծնողների՝ Գարդմանքից հետո երկրորդ գյուղ դարձած Անտառամեջ, որի նկատմամբ նա մեծ սեր ու կարոտ ուներ:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՆԱՆՅԱՆ

«Առավոտ»

08.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930