Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈԼԵԿՏԻՎ ԿԵՆԱՑ

Հունիս 09,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ ութսունութերորդ

ԿՈԼԵԿՏԻՎ ԿԵՆԱՑ

Եվ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «Ֆելոն ինչքան քիչ խմի, մեր օգուտն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էսօր ահագին գործ ունի անելու», եւ Ֆրունզիկը փռթկացնելով Ֆելոյին հարցրեց՝ «կարող ա՞ դու էլ ես ներկայացում խաղալու», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու Ֆրունզիկին ասաց՝ «ինքն էսօր իրա ներկայացումը խաղացել՝ պրծել ա», եւ Ֆելոն զարմացած նայեց հորս ու հարցրեց՝ «կարող ա՞ սխալ բան եմ արել, Ուստա Հակոբ», եւ հայրս  ժպտալով Ֆելոյին ասաց՝ «դու չես կարա սխալ բան անես, Ֆելո ջան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դու սխալ բան անելու ընդունակ չես», եւ Ֆրունզիկը ժպտալով հորս հարցրեց՝ «մեր Ֆելոյի կենացը չխմե՞նք, Ուստա Հակոբ», եւ Ֆելոն ժպտալով ասաց՝ «որ անհատական կենացների անցնենք, արաղը հաստատ քչություն կանի», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «որ քո պես կիսատ խմենք, հեչ էլ քչություն չի անի», եւ ես Ֆրունզիկին ասացի՝ «ես էլ եմ ուզում ձեր կենացի վրա արտահայտվեմ», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց ինձ, մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «արտահայտվի, բայց հեչ պարտադիր չի, որ խմես», եւ ես ժպտալով ասացի՝ «արդեն խոստացել եմ, որ չեմ խմելու» եւ ոտքի կանգնելով ու Ֆելոյի բաժակը բարձրացնելով՝ Ֆրունզիկի բաժակին խփելով ասացի՝ «դուք մեր պարծանքն եք» ու էդ ասելով՝ Ֆելոյի կիսատ բաժակը դրեցի սեղանին, եւ Վոլոդյան ոտքի կանգնելով, բաժակը բարձրացնելով ու Ֆրունզիկի բաժակին խփելով ասաց՝ «զա ծիբյա, Ֆրունզիկ դժան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «տի նաշ պարցանք», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «յա վաշ փորձանք», եւ Վոլոդյան ժպտալով խմեց, եւ Ֆրունզիկը ոտքի կանգնելով ու բաժակը բարձրացնելով՝ նայեց Ֆելոյին ու ժպտալով հարցրեց՝ «կարելի՞ ա՝ ես էլ իմ կենացի վրա արտահայտվեմ», եւ Ֆելոն ժպտալով ասաց՝ «արտահայտվեք, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը ոտքի կանգնեց, բաժակը բարձրացրեց, մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դուք իմ պարծանքն եք, ժողովուրդ ջան» եւ իր բաժակը մեկ առ մեկ մեր բաժակներին խփելով՝ մեկ առ մեկ արտահայտվեց՝ «դու իմ պարծանքն ես, Ուստա Հակոբ», այնուհետեւ՝ «տի մոյ պարցանք, Վոլոդյա ջան», այնուհետեւ՝ «դու իմ պարծանքն ես, սիրուն Ֆելո», եւ ամենավերջում՝ «դու իմ պարծանքն ես, Արմենչո ջան», եւ ես բաժակս Ֆրունզիկի բաժակին խփեցի ու ժպտալով ասացի՝ «անհատական կենացներ չենք խմում, Ֆրունզիկ ձյաձյա», եւ Ֆրունզիկը ժպտալով ինձ ասաց՝ «էս անհատական կենաց չի, Արմենչո ջան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ձեր կոլեկտիվ կենացը» եւ էդ ասելով՝ Ֆրունզիկը բաժակը բարձրացրեց ու խմեց, եւ երբ Ֆրունզիկը խմեց, հայրս քթի տակ խնդմնդալով ասաց՝ «կոլեկտիվ կենաց» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, կենացի նոր տեսակ հայտնագործեցիր, Ֆրունզ ջան», եւ Ֆելոն հորս ասաց՝ «ընկեր Մկրտչյանը կենաց չի խմել», եւ հայրս զարմացած նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «բա ի՞նչ ա արել», եւ Ֆելոն պատասխանեց ու ասաց՝ «ինքն ընդամենը իրա կենացի վրա արտահայտվել ա», եւ հայրս մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «ճիշտ ես ասում», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «մեկ-մեկ աշակերտներն էլ են ճիշտ բաներ ասում», եւ հայրս ժպտալով ասաց՝ «ամեն դեպքում, էդ «կոլեկտիվ կենացը» շատ հետաքրքիր արտահայտություն ա», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «էդ արտահայտությունն Աճեմյանինն ա. ինքը որ բանկետների ժամանակ թատրոնի կոլեկտիվի կենացն ա խմում, ասում ա՝ ձեր կոլեկտիվ կենացը», եւ Ֆելոն ասաց՝ «Աճեմյանն էլ ա մեծություն»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930