Aravot.am-ը տեղեկացրել է, որ 14-րդ «Ոսկե ծիրան » երեւանյան միջազգային կինոփառատոնը կփակվի ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, օպերատոր Ջո Բեռլինգերի «Ոչնչացման մտադրություն» ֆիլմով (2017): Ռեժիսորը ներկա կլինի ցուցադրությանը, նաեւ վարպետության դաս կանցկացնի:
Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական այս ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Տրայբեկա» կինոփառատոնում: Ռեժիսորը հատուկ հանդիպել է պատմաբանների և գիտնականների հետ՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի մերժողական քաղաքականության վրա լույս սփռելու նպատակով:
Բեռլինգերի ամենահայտնի ֆիլմերից են` «Մետալիկան»` հանրահայտ ռոք խմբի մասին, «Կորսված դրախտը»` դատական դրաման, «Եղբոր թիկնապահը», «Վերոնիկայի սալոնը», «Նավթը » եւ այլն:
Ընդհանուր առմամբ, 56-ամյա Բեռլինգերը 3 տասնյակից ավելի ֆիլմ է նկարել` վավերագրական, պատմական, դետեկտիվ: Նա հնչեղ անուն է կինոաշխարհում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ