Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 8-ին նախատեսված էր Ա. Խաչատրյանի «Գայանե»
բալետը, որ նվիրվում էր բալետի ստեղծման եւ առաջնախաղի 75-ամյակին, սակայն ներկայացումը տապալվել էր, քանի որ նվագախմբի արտիստները հրաժարվել էին ելույթ ունենալ:
Ազգային օպերային թատրոնի հանրային կապերի բաժնից Aravot.am-ին փոխանցեցին. «Հունիսի 9-ին արտիստներն ըստ կարգի բացատրագրեր կգրեն, թե որն է եղել իրենց պահվածքի պատճառը, իսկ ժամը 15-ին տեղի կունենա թատրոնի ղեկավարության ասուլիսը եւ մանրամասներ կհայտնվեն: Օրեր առաջ տեղի են ունեցել կրճատումներ` թատրոնի կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված: 583 աշխատակցից 10-ը կրճատվել է: Նրանք համապատասխան կարգով ստացել են ծանուցագրեր իրենց կրճատման մասին: Ըստ էության, այդ ամենի հետեւում կանգնած են նաեւ կրճատված աշխատակիցներից ոմանք, որոնք կազմակերպել են ու նման քայլ են հրահրել»:
Aravot.am-ին նաեւ տեղեկացրին, որ ներկայացման բոլոր տոմսերը կվերադարձվեն եւ հետ կտրվեն դրանց գումարները: «Թատրոնի ղեկավարությունը հայցում է հանդիսատեսի ներողամտությունը: Դահլիճը լեփլեցուն էր, բոլոր տոմսերը վաճառված էին, սակայն ամոթալի էր, որ արտիստներն իրենց նման ձեւով պահեցին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ