Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր իր նոր պաշտոնում առաջին հարցազրույցը տվեց լրագրողներին։ Նա ասաց, որ Շիրակի պատմությանը քաջածանոթ լինելուց բացի, ծանոթ է նաև մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, մարտահրավերներին ու դրանց լուծման ուղիներին։ Թե ինչպես եղավ, որ Արթուր Խաչատրյանը համաձայնեց մարզպետ դառնալ, ասաց․ «Իմ համաձայնությամբ եկա Շիրակի մարզ՝ հստակ գիտակցելով բեռը, որ դնում եմ ուսերին»։
Շիրակի մարզպետը նաև տեղեկացրեց, որ արդեն խնդրել է իրեն բնակարան վարձել։ «Ընտանիքս իր աջակցությունն է հայտնել ինձ, գալ ու միասին լինել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ Դիտարկմանը, որ շիրակցիները դրսից եկած մարդկանց այնքան էլ բարյացակամ չեն ընդունում, մարզպետը կատակեց․«Աներս ու զոքանչս Շիրակից են, ընդունել են ինձ, հուսով եմ, որ մարզն էլ կընդունի»։
Շիրակի մարզպետն անդրադարձավ նաև աշխատատեղերի ստեղծմանը: Aravot.am-ի այն հարցին, թե իր եվրոպական կապերն ինչպե՞ս կօգտագործի մարզում աշխատեղերի ստեղծմանը (հիշեցնենք, որ մարզպետը կրթվել է Մեծ Բրիտանիայում, ավարտել նաև ամերիկյան համալսարան) նորանշանակ մարզպետը ծիծաղելով ասաց․«Ինչո՞ւ միայն եվրոպական կապերը։ Եվրոպական կրթություն եմ ստացել, բայց Կալիֆորնիայի առևտրական ներկայացուցիչը ու կան մարդիկ, որոնք պատրաստ են , իհարկե, զգուշավոր պատրաստ են, որ ասեմ Փրկիչը կգնա, մենք էլ հետևից, իհարկե այդպես չէ»։
Շիրակի մարզպետն, անդրադառնալով մարզում տիրող աղքատությանն ու արտագաղթին,ասաց․ «Արտագաղթն աղքատության հետևանքն է, ես չեմ ընդունում, որ ասում են հայերը գենետիկ խոպանչի են, գաղթականի հոգի ունեն։ Պայման ստեղծվի, հայը կմնա ու կաշխատի, դրա համար ասացի՝ հակաբնական է, որ հայաստանցին, հայը թողնում է երկիրը ու գնում է Սուրգուտում աշխատելու։ Եթե այստեղ լինեն աշխատատեղեր, մարդիկ կարողանան ընտանիքը պահեն, իրենց երեխաների ապագա գոնե ուրվագծեն, գնալու հակվածությունն էլ կընկնի։
Ուղղակի պետք է ռեալ լինել, եթե մենք այստեղ ունենք լավ բանկիր, որը մեր որևէ բանկում բարձր աշխատավարձ է ստանում, բայց Ամերիկայի բանկերում կստանա հարյուր անգամ ավելի բարձր աշխատավարձ, ապա մոբիլ աշխատուժի պայմաններում իրեն շատ ավելի դժվար կլինի պահելը, բայց արտագաղթում են ոչ միայն այդ մարդիկ։ Խնդիրն այն է, որ մարդիկ գնում են, որովհետև տնտեսական վիճակը բավարար չէ, բողոքում են նաև անարդարությունից, միգուցե ակնկալիքներ ունեն ոչ իրատեսական, քան թե պետք է լինի»։
Մարզպետի հետ ամբողջական հարցազրույցը` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ