Հունիսի 8-ին կյանքից հեռացել է հայկական ջազի սիրված երաժիշտ Արմեն Թութունջյանը՝ Չիկոն։ Նա հանկարծամահ է եղել առավոտյան, թենիս խաղալիս։
Արմեն Թութունջյանը ծնվել է 1944 թ. հունվարի 28-ին Երևանում: Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ է, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ։ Նա համարվում է հարվածային գործիքների ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։
1986-1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994 թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։
1992 թ. նա մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն և ընկերները» խումբը, որտեղ նվագել են Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է ցայսօր։
Նա արվեստի վաստակավոր գործիչ էր, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, Հայաստանում հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը։
1996 թ-ից «Հայ FM» ռադիոկայանով վարել է «Սիրված երգիչներ» և «Ջազ» հաղորդումները։ 1998 թ-ից վարում է «Ջազի ժամ» հաղորդումը նախ՝ «Ա1+», «Նոր ալիք», «Արարատ», 2011 թ-ից՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ։
2008 թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Հատուկ մրցանակի՝ «Ջազի ժամ» հաղորդաշարի համար։ 2008 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը: 2009 թ-ից Վահագն Հայրապետյանի եռյակի և քառյակի թմբկահարն է։ 2011 թ. լույս է տեսել նրա թմբկահարների առաջին հայերեն լեզվով «Ռիթմ և շարժում» ձեռնարկը։