Այսօր ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Շիրակի մարզպետարանի դահլիճում ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանին։ Նոր մարզպետի հետ ծանոթանալու էին եկել Շիրակի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, դատախազը, ոստիկանապետը, համայնքապետերը։
Ի դեպ, նշենք, որ մի տեսակ տարօրինակ լարվածություն կամ, միգուցե անհանգստություն էր նկատվում դաշնակցական պաշտոնյաների մոտ։ Դավիթ Լոքյանը նստեց հին ու նոր մարզպետի արանքում ու մի լավ գովաբանելով «իր ընկեր» Հովսեփ Սիմոնյանին՝ ասաց, որ նրա ուժերը կօգտագործեն այլ պաշտոնում։
«Արթուր Խաչատրյանը բազմափորձ մասնագետ է»,- ներկայացրեց Դավիթ Լոքյանը։ Նա նաև նշեց, որ Շիրակի մարզը մեր երկրի թիվ մեկ գերակայություններից մեկն է, քանի որ այս տեղանքը ՀՀ-ում ամենացածր ՀՆԱ-ն ունի մեկ շնչին ընկնող։ Ըստ նախարարի, լուրջ ծրագրեր են ուղղելու դեպի Շիրակ, որոնք կապված են տեքստիլ արդյունաբերության, կոշիկի արտադրության, գյուղատնտեսության զարգացման հետ։
Դավիթ Լոքյանի կարծիքով՝ Արթուր Խաչատրյանը ի զորու է մարզում ծառացած բոլոր խնդիրներն առաջ տանել։ «Մի բան կարող եմ ասել, որ ես շատ դժվարությամբ եմ բաժանվել Արթուր Խաչատրյանից, ինքն աշխատում էր տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունում, նա շատ գաղափարների, ծրագրերի հեղինակ է նախարարությունում։ Ունի փայլուն կրթություն, Ամերիկյան համալսարանում է ուսանել, մեր երկրում տարաբնույթ ծրագրերում է աշխատել և վերջին մեկ տարին աշխատել է նախարարությունում», -նորանշանակ նախարարին շարունակեց ներկայացնել Դավիթ Լոքյանը։
Ավելի ուշ լրագրողները պարոն Լոքյանից փորձեցին ճշտել՝ եթե Հովսեփ Սիմոնյանը գովեստի արժանի է, գոհ եք նրա աշխատանքից, ինչո՞ւ եք նրան փոխարինում Արթուր Խաչատրյանով։ Նրան նույնիսկ հիշեցրեցին, որ Հովսեփ Սիմոնյանը 12 հազար ձայն է հավաքել ԱԺ ընտրություններում ՀՅԴ-ի օգտին։ Դավիթ Լոքյանը նշեց, որ Հովսեփ Սիմոնյանի դերակատարությունը շատ մեծ էր ընտրություններում, սակայն 12 հազար ձայնը ՀՅԴ ամբողջ կառույցի հավաքածն է ու ընտրությունները չպիտի կապել մարզպետի փոփոխության հետ։ «2007 թվականին մենք շատ ավելի ձայն ենք հավաքել և որոշ ժամանակ հետո նույնիսկ թողել ենք նախարարական պորտֆելներ»,- ասաց Դավիթ Լոքյանը։ Նա մեկ անգամ ևս նշեց, որ Հովսեփ Սիմոնյանի կարողությունները կօգտագործեն այլ տեղում։
«Արթուր Խաչատրյանի Շիրակի մարզ տեղափոխվելը կապվում է այն տնտեսական ծրագրերի, այն ռազմավարական խնդիրների հետ, որ մենք ուզում ենք Շիրակում իրականացնել՝ կապված օտարերկրյա ներդրումների, Եվրամիության համապատասխան օժանդակությունը ծրագրերի տեսքով Շիրակ մարզ բերելուն և նաև ծրագրային հենքի վրա Սփյուռքի հնարավորությունները Շիրակ ուղղելու։ Ես նշեցի, թե ինչքան դժվարին իրավիճակ մենք ունենք Շիրակում ՀՆԱ-ի հետ։ Մենք այս խնդիրը պետք լուծենք և կուսակցությունն, ունենալով լուրջ պարտավորություն, լինելով կոալիցիայում, իր համար խնդիր է դրել, որ այս լուծումները կարող է տալ Արթուր Խաչատրյանի միջոցով », -ասաց Դավիթ Լոքյանը։
Լրագրողները տարբեր հարցադրումների միջոցով Դավիթ Լոքյանից համառորեն փորձում էին լսել, թե ի վերջո ո՞րն էր Հովսեփ Սիմոնյանին փոխելու պատճառը։ Դավիթ Լոքյանն ասաց, որ ծրագրերը պիտի ուղղվեն Շիրակի մարզ, բիզնեսը պիտի տեղափոխվի մարզեր։ Երբ Դավիթ Լոքյանին հարցրեցին՝ մի՞թե Հովսեփ Սիմոնյանը չէր կարող այդ նույնը կազմակերպել, Դավիթ Լոքյանն ասաց․«Եթե դուք պտտում եք, որ վերջում հարցնենք, Արթուրը լավն է, Հովսեփը՝ վատը, այդպիսի բան չեք կարողանա լսել»։
Ի դեպ, նորանշանակ մարզպետը շեշտեց, որ չի գալիս Շիրակի մարզ արտագնա աշխատանքի, տեղափոխվում է ընտանիքով՝ կնոջ ու երեխաների հետ։ Նա նաև ասաց, որ իր համար որևէ տարբերություն չկա Գյումրի, Կապան, թե Ստեփանակերտ, սա Հայաստանն է։
Շիրակի նորանշանակ մարզպետն, ըստ էության, պատասխանեց գյումրեցիների այն մտահոգությանը, որ մայրաքաղաքից Շիրակի մարզում աշխատող պաշտոնյաները մարմնով Շիրակում են, հոգով՝ մայրաքաղաքում․ ընտանիքներին Շիրակ չտեղափոխելով՝ ստիպված են անընդհատ Երևան-Գյումրի մայրուղում լինել։ Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահից ու Շիրակի դատախազից բացի, մնացած բոլոր պաշտոնյաները Շիրակի մարզից չեն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ