ՀՀ նախագահի հանձնարարությամբ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 8-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության՝ այս շաբաթ արդեն երկրորդ խմբաքանակը:
Ավելի վաղ՝ հունիսի 7-ին, Սիրիա էր ուղարկվել շուրջ 18 տոննա բեռ՝ հիմնականում հագուստ և սննդամթերք: Մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը հունիսի 7-ի երեկոյան վայրէջք է կատարել Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ ռազմաբազայում, որից անմիջապես հետո իրականացվել է բեռնաթափման և բաշխման գործընթացի կազմակերպումը:
Հալեպում ՀՀ հյուպատոսության և ՌԴ Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի համատեղ ջանքերով, առաջիկա օրերին մարդասիրական օգնությունը հավասարապես կբաշխվի սիրիական հակամարտությունից տուժած Լաթաքիայի, Դամասկոսի, Հալեպի և սիրիական այլ քաղաքների առավել կարիքավոր ընտանիքներին:
Նշենք, որ սա Սիրիայի բարեկամ ժողովրդին ցուցաբերվող մարդասիրական օգնության արդեն երրորդ փուլն է։ Առաջին ինքնաթիռը Երևանից Լաթաքիա էր մեկնել այս տարվա փետրվարին։
ՀՀ պաշտպանության նախարարություն