Հունիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի Նոր հարավային Ուելս նահանգի Ուիլոուբի քաղաքապետ Գեյլ Գայլս-Գիդնեյին, Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր եպիսկոպոս Հայկազուն Նաջարյանին և թեմական խորհրդի փոխնախագահ, Փոքրամասնության գործերի պետական հանձնաժողովի ատենապետ, Խտրականության դեմ խորհրդի նախագահ Ստեփան Գրքաշարյանին:
Ուիլոուբի քաղաքը, որի քաղաքապետն է Գեյլ Գայլս-Գիդնեյը, ՀՀ սփյուռքի նախարարության «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին» ծրագրի շրջանակներում քույրացել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հետ:
Տիկին Գայլս-Գիդնեյը ընտրվել է Ուիլոուբիի քաղաքապետ 2014թ. ապրիլի 12-ին: Նա 150 տարվա պատմություն ունեցող Ուիլոուբի քաղաքի 50-րդ քաղաքապետն է:
Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց հայ-ավստրալական բարեկամական կապերի զարգացումը: Նա, մասնավորապես նշեց.«Տպավորված եմ Ավստրալիայի կառավարության և տեղական մարմինների ջանքերով, ինչի շնորհիվ մեր հայրենակիցները երկրի լավագույն քաղաքացիներ են, բայց շարունակում են հավատարիմ մնալ իրենց արմատներին, պահպանում են ինքնությունը, հավատը, լեզուն, մշակույթը, ավանդույթները: Պետք է զարգացնենք մեր երկու երկրների տնտեսական, մշակութային հարաբերությունները, ինչը դուք արդեն անում եք որպես քույր քաղաք»:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և հանգամանալից զրույցի համար: Քննարկվեցին համագործակցության շրջանակները և ուղղությունները:
ՀՀ Սփյուռքի նախարարություն