Այսօր՝ հունիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքում՝ Շահումյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ավտոմեքենայի համարանիշերը մեքենայի վրայից հանել է և դեպքի վայրից դիմել փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան հաշվառված է Հրազդանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, իսկ ավտոմեքենան վարել է նրա որդին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ շենքի 11 բնակարանի բնակիչ՝ 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քաղաքապետի «փափկասուն բալիկը «ավտոմեքենան վարելու իրավունք չունի, քանի որ վարորդական իրավունքի վկայական չունի, ու հիմա նրա հայրը՝ Հրազդանի քաղաքապետ, «մեծն» Ա. Դանիելյանը, փորձում է մեկ ուրիշին ներկայացնել՝ որպես վարորդ, որպեսզի իր բալիկը պատասխանատվության չենթարկվի։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում: