Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր ԱԺ-ում ընդունվեց 57 կողմ, 23 դեմ ձայներով:
«Ծառուկյան» խմբակցության անունից Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք որոշել են դեմ քվեարկել: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը:
«Ելքի» դիրքորոշումը զարմացրեց Մելքումյանին, նա հիշեցրեց, թե ԱԺ նախագահի ընտրության ժամանակ, երբ առաջադրվել էր Էդմոն Մարուքյանը, ինչ էր հորդորում «Ելքը», խոսում էր ընդդիմության միասնականության մասին: Մելքումյանի խոսքերով՝ «Դա ձեր դաշինքի ներքին խնդիրն է, իհարկե, բայց չե՞ք կարծում, որ ընդդիմությունը պետք է միասնական լիներ: Չեմ կարողանում հասկանալ ձեր՝ քվեարկությանը չմասնակցելը»:
Փաշինյանն արձագանքեց, որ Մելքումյանի ռեպլիկը հասկանալի չէ. «Դեմ չեմ, որ մեր դիրքորոշումները նույնական լինեն, հետեւաբար ձեր խմբակցությունն էլ կարող է այս հարցի քվեարկությանը չմասնակցել եւ մեր դիրքորոշումները 100 տոկոսով նույնական կլինեն»:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կատակեց. «Մենք չենք բացառում, որ ընդդիմությունն էլ կարող է ընդդիմություն ունենալ»:
Պետգույքի մասնավորեցման 2017-2020թթ ծրագիրը նույնպես դրվեց քվեարկության եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց 57 կողմ, 22 դեմ ձայներով:
Մինչ քվեարկությունը «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը կոչ արեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին չմասնակցել այս նախագծի քվեարկությանը, քանի որ կա շահերի բախում: Բաբլոյանն արձագանքեց, որ չի հասկանում, թե ինչ շահերի բախման մասին է խոսքը: Ամենայն հավանականությամբ, խոսքը «Արաբկիր» բուժկենտրոնի մասնավորեցման մասին է, որը նախատեսվում է ծրագրով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ