Լրահոս
Օրվա լրահոսը

«Հալեպում հանգիստ է, նկատվում է վերադարձ դեպի Հալեպ». Շահան Գանտահարյան

Հունիս 08,2017 17:25

Հայաստանի Առաջին Հանրապետություն 100-րդ տարեդարձի կապակցությամբ, բացի հոբելյանական միջոցառումներից՝ կլինեն նաև նոր հրատարակություններ, պետական հանձնաժողովը կքննարկի նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի` Արամ Մանուկյանի արձանի տեղադրման առաջարկությունը:

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը փաստեց, որ 1918-ի մայիսի 28-ի խորհուրդը մեծ է. 1915-ից հետո հայ ժողովուրդն ուժ գտավ վերականգնելու իր պետականությունը, որը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության համար:

Պարոն Մելքոնյանը փաստեց, որ Առաջին Հանրապետությունը խորհրդային տարիներին ներկայացվեց որպես բուրժուական հանրապետություն, իսկ 1990-ականներին այն ներկայացվեց չափից ավելի վառ գույներով, սակայն հետագայում կարողացանք ավելի սառը ներկայացել պատմությունը:

Պարոն Մելքոնյանն ընդգծեց, որ մեզ հաջողվել է արմատախիլ անել մի թյուր կարծիք. «Մենք արմատապես վերանայեցինք այն թյուր կարծիքը, որ 1918-ի Անդրկովկասի սեյմի փլուզումով ուղղակիորեն մեզ տրվեց և սկուտեղի վրա մատուցվեց անկախությունը: Մինչդեռ այն մենք վաստակեցինք մայիսյան հերոսամարտերի գնով, ի տարբերություն վրացիների, որոնք նախապես գերմանացիների հետ համաձայնեցրել էին իրենց անկախությունը: Նույնն արեցին նաև Անդրկովկասի թաթարները` հետագայում ադրբեջանցիները` Օսմանյան Թուրքիայի հետ համաձայնեցնելով անկախությունը: Իսկ մենք սեյմում մնացինք մենակ և միայն մայիսյան ճակատամարտերի շնորհիվ ձեռք բերեցինք մեր անկախությունը»:

Լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը շեշտեց մայիսյան հերոսամարտերի տարածաշրջանային նշանակությունը և կարևորեց այն, որ Առաջին Հանրապետությանը տրվի նաև միջազգային հնչեղություն. «Եթե մայիսյան հաղթանակները, Սարդարապատը չլիներ, թուրքական բանակները կարող էին միանալ թուրքական մյուս ցեղերին և ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը կարող էր այլ լինել: Փաստորեն, մայիսյան ճակատամարտերը ցեղասպանության քաղաքականության ձախողումն էին, ինչը համամարդկային կարևոր նշանակություն ունի»:

Պարոն Գանտահարյանի բնութագրմամբ` Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին ընդառաջ քաղաքական հնչեղություն ունեցող խնդիրներ կարող են առաջ գալ. «Ադրբեջանը ևս իր հարյուրամյակն է պատրաստվում նշել: Չմոռանանք նշել նաև, որ այդ օրերին Արցախն իրողապես մնաց անկախ, ղեկավարվում էր ազգային խորհրդով և երբեք մաս չէր կազմել անկախացող Ադրբեջանի: Սա իրավական առումով արժեքավոր փաստ է»:

Պարոն Գանտահարյանը տեղեկացրեց, որ Լիբանանում ևս 100-ամյա հոբելյանի առիթով կկազմակերպվեն համերգներ, ցուցահանդեսներ, շքերթներ, փառատոններ, կլինեն հրատարակություններ: «Ազդակի» արխիվից դուրս կբերվեն ընդհանրապես Հայաստանի Առաջին Հանրապետության մասին նյութերը:

Դառնալով տարածաշրջանային զարգացումներին` Շահան Գանտահարյանը հայտնեց, որ Սիրիայում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, թեև չկա քաղաքական մեծ համաձայնություն, իսկ ահաբեկչական գործողությունները տեղափոխվել են Իրաք, Եգիպտոս, Իրան. «Բռնկվածությունը կա, բայց Հալեպն այսօր ավելի հանգիստ է: Նշմարվում է Լիբանանից մեր հայրենակիցների վերադարձ դեպի Հալեպ, նկատվում են վերանորոգման աշխատանքներ Հալեպում, նաև գործում է Հալեպը տարբեր քաղաքներին կապող ճանապարհը: Իհարկե, հալեպահայերի վերադարձը դեռ մասսայական երևույթ չէ, բայց որոշ ընտանիքներ, գործարարներ արդեն գնում գալիս են, որոշ մարդիկ վերահաստատվում են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930