Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռուսաստանի չեմպիոն 28-ամյա Միհրան Հարությունյանը Մոսկվայի կենտրոնում մասնակից է դարձել ծեծկռտուքի և հրաձգության: Ավտոկայանատեղերից մեկում իր 34-ամյա ընկերոջ՝ Սամվել Ավեդյանի հետ խաղաղ զրույցը վերածվել է վեճի և ծեծկռտուքի, հայտնում է life.ru-ն:
Վեճը դադարել է առաջին կրակոցից հետո: Մարզիկի հակառակորդը ոտքից վիրավորվել է, դեպի վայր է ժամանել ոստիկանությունը: Պարզվել է, որ Հարությունյանի մոտ եղել է գրանցված տրավմատիկ ատրճանակ: Ընդ որում, երկուսն էլ պնդում են, որ ատրճանակը պատահաբար է կրակել:
Ավեդյանը հրաժարվել է դիմել հիվանդանոց և ընկերոջ դեմ բողոք ներկայացնել: Իր հերթին Հարությունյանը հայտարարել է, որ ոչ մի պահանջ չունի:
Հարությունյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ զրուցել է Միհրանի հետ և այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
«Այն ավտոկայանատեղիում, որտեղ եղել են այդ կրակոցները, կանգնած է եղել նաև Միհրանի մեքենան: Նա այդ միջադեպի հետ ընդհանրապես կապ չունի: Միհրանը հիմա հիվանդանոցում է ու մի քանի օրից պատրաստվում է վիրահատել վնասվածք ստացած ուսը»,- ասել է Գեւորգյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ