Լրահոս
Օրվա լրահոսը

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը՝ եվրոպական ցուցադրություններից մինչև Շանհայի միջազգային կինոփառատոն

Հունիս 08,2017 16:19

«Վերջին բնակիչը» ֆիլմի եվրոպական ցուցադրությունների սկիզբն ազդարարվել էր Հոլանդիայից, որտեղ մայիսի 26-ին ֆիլմի ցուցադրությունը կայացավ Ալմելոյում, մայիսի 27-ին՝ Ամստերդամում։ Ցուցադրությունների շղթան շարունակվեց դեպի Ֆինլանդիա, որտեղ մայիսի 30-ին՝ Հելսինկիում կայացավ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը՝ ֆինլանդահայ հասարակության համար։ Այն կազմակերպվել էր Ֆինլանդիայում ՀՀ դեսպանության և «Ֆինլանդիա-Հայաստան» միության համատեղ ջանքերով` K-19 կինոթատրոնում: Հելսինկիում ֆիլմի ցուցադրությունը հատկանշական էր նաև նրանով, որ ֆիլմին ներկա էին Ջիվան Ավետիսյանի հաջորդ ֆիլմի ֆինլանդական կողմի գործընկերները, Ֆինլանդացի հայտնի դերասաններ, ովքեր արդեն իսկ ներգրավված են ռեժիսորի հաջորդ ֆիլմում, ինչպես նաև դեսպաններ, մտավորականներ, կինոոլորտի ներկայացուցիչներ։ Հելսինկիում ֆիլմի ցուցադրությունը ունեցավ մեծ հաջողություն, իսկ ավարտից հետո ներկաները հայկական գինու բաժակի շուրջ հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին: Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան հակամարտության մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունները Շվեդիայում տեղի ունեցան Ստոկհոլմում և Ուպսալայում։ Ստոկհոլմի ՀՀ դեսպանատան և «Համազգային Շվեդիա» մշակութային միության նախաձեռնությամբ, հունիսի 2-ին՝ Ստոկհոլմի Կինոտանը (Filmhuset) կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա էին դեսպաններ, պատգամավորներ, մշակութային և հասարակական գործիչներ, դիվանագետներ, կինոոլորտի, մամուլի ներկայացուցիչներ, շվեդահայ համայնքի անդամներ և այլք։

«Համազգային Շվեդիա» միության ատենապետուհի Մելինե Մանսուրյանը ներկայացրեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին և նրա ստեղծագործական գործունեությունը․ «Սա երրորդ անգամն է, որ մենք ողջունում ենք ռեժիսորին Շվեդիայում։ «Ընդհատված մանկություն» և «Թևանիկ» ֆիլմերը ցուցադրվել են Ստոկհոլմում և Ուպսալայում դեռևս 2014, 2015թթ․-ին՝ «Համազգային Շվեդիա» միության նախաձեռնությամբ»,- նշեց ատենապետուհին։ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, ում մեծ ջանքերով կազմակերպվել էր թե՛ Ֆինլանդիայի և թե՛ Շվեդիայի 2 ցուցադրությունները, ֆիլմի ցուցադրումից հետո իր ելույթում կարևորեց Արցախյան հակամարտության մասին ճշմարտության ներկայացումը միջազգային ասպարեզում նաև գեղարվեստական միջոցներով: Նա նաև շեշտեց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ունակությունը` ցուցադրելու նույնիսկ ամենածանր պատերազմական իրավիճակներում մարդկայինը պահպանելու հրամայականը: Դեսպանը նաև դրվատանքի խոսքեր հղեց շվեդական «Apricote Stone» կինոստուդիային` ֆիլմի ստեղծմանն նրա մասնակցության համար: Կինոստուդիայի տնօրեն Էմիլ Մկրտչյանը նույնպես խոսքով հանդես եկավ, ընդգծելով հայ-շվեդական համագործակցության կարևորությունը՝ ֆիլմը միջազգային ասպարեզ հանելու հարցում։ Ցուցադրությունից հետո ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, ինչպես նաև իր շնորհակալական ուղերձը հղեց բոլոր ներկաներին, ցուցադրության կազմակերպիչներին, հանձին՝ Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանին, ֆիլմի աջակիցներին և բոլոր նրանց, ովքեր թեկուզ չնչին աշխատանքով նպաստել են ֆիլմի ստեղծմանը։

Ռեժիսորը կարևորեց ֆիլմի եվրոպական ցուցադրությունները, նշելով՝ «Եվրոպայի կողմից, կարծես թե, մոռացության ենք մատնվել մենք, մոռացության է մատնվել Արցախը և Արցախի հարցը, իսկ ֆիլմի եվրոպական ցուցադրություններն արթնացման ազդանշան դարձան՝ կրկին վեր հանելով մեր կոնֆլիկտը»։ Շվեդիայում «Վերջին բնակիչը» ֆիլմի հաջորդ ցուցադրությունը կայացավ հունիսի 4-ին՝ Ուպսալա քաղաքի Սլոտսբիոգրաֆեն (Slottsbiografen) կինոթատրոնում, որտեղ նույնպես ջերմ ընդունելության արժանացավ ֆիլմը։ Այն կրկին կազմակերպվել էր Շվեդիայում ՀՀ դեսպանության և «Համազգային Շվեդիա» միության համատեղ ջանքերով: Ցուցադրությունից առաջ բացման խոսքով հանդես եկավ Շվեդիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արշակ Մանուկյանը, ով կարևորեց ռեժիսորի տաղանդն ու ֆիլմերում նրա մոտեցումը հույժ ցավոտ երևույթին՝ պատերազմին․ «Ջիվան Ավետիսյանի ֆիլմերում պատերազմը ներկայացվում է այնպես, որ դիտողը չի կորցնում հավատը, այլ ապրում է՝ խաղաղության վերագտնումի հույսով և վստահությամբ»։

Blue Knowledge կազմակերպության նախաձեռնությամբ, նախագահ Orietta Trevisanato Zampieri-ի մեծ ջանքերով, իրականացավ նաև Ջիվան Ավետիսյանի այցը՝ դեպի Իտալիա։ Նա այնտեղ էր «Վերջին բնակիչը» ֆիլմի Իտալիայում ցուցադրության աշխատանքների պլանավորման և նոր՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի համար համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Ռեժիսորն այնտեղ հանդիպումներ է ունեցել տեղի նշանավոր արվեստագետների, ինչպես նաև Իտալիայում հայերի միության նախագահ՝ Minas Lourian-ի հետ։ Եղել է Վենետիկի Կառավարությունում, որտեղ Կառավարության կողմից՝ ի նշան հարգանքի և բարեկամության, նվեր է ստացել Վենետիկի դրոշը, և քննարկել հետագա ծրագրերը։ Անշուշտ, հնարավոր չէր այցելել Վենետիկ և չլինել Մխիթարյան միաբանությունում: Վստահ ենք՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունն Իտալիայում շատ չի ուշանա։ Տեղեկացնենք նաև, որ «Վերջին բնակիչը» ֆիլմը վերջերս ընդգրկվել է Շանհայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, որի համար, Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի լիտվացի պրոդյուսերի և ամերիկյան թիմի անդամների հետ միասին, ներկա կլինի հունիսի 17-ից 26-ը կայանալիք Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնին։ — «Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs, INQ» և «Mօsaics Art & Cultural Foundation» ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի: Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։

Դերասանական կազմում, հայ սիրված մի շարք դերասանների հետ միասին, ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։ «Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացվել է։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։ «Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։ «Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Հոլանդիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում, իսկ մի շարք այլ երկրներում կցուցադրվի առաջիկայում: Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930