Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստիպում էր իր բերած հաճախորդներին մերսել, ունենալ սեռական հարաբերություններ. տղամարդը պետք է լիներ ամբողջությամբ մերկ»

Հունիս 08,2017 17:30

Հարցազրույց թրաֆիքինգի զոհի հետ

Բարետես արտաքինով, սպիտակի մեջ կուչ եկած կինը երկու մանկահասակ երեխաների մայր է: Նա տուժող էր ճանաչվել մի քրեական գործով: Դատական նիստերը ընթացել են դռնփակ, կալանքի տակ գտնվող նախկին ամուսինը դատապարտվել է հինգ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման: Կինը նախկինում զբաղվում էր սիրած աշխատանքով՝ լրագրությամբ:

«Կհավատայի՞ք, որ կհայտնվեմ նման անպատվաբեր վիճակում, դուք չե՞ք մեղադրի ինձ, չէ՞»,-ասում է նա, ու երբ պատասխանում եմ՝ կյանքում ամեն բան պատահում է, ինչու մեղադրել մեկին, որը հարկադրաբար է հայտնվել նման կարգավիճակում, խաղաղվում է, սրբում արցունքները ու սկսվում է մեր զրույցը: Պայմանավորվում եմ՝ չեմ նկարի իրեն, կձայնագրեմ եւ իր տվյալները՝ անունն ու ազգանունը դարձյալ չեմ հանրայնացնի: Կնոջ տեղեկացմամբ՝ իր մասին տեղյակ էր միայն «Հույս եւ օգնություն» կազմակերպությունը, որն ամիսներ շարունակ ապաստան էր տվել իրեն:

– Ինչպե՞ս սկսվեց, ինչի՞ց, չէ՞ որ Դուք յոթ տարվա ամուսիններ էիք:

– Շուրջ մեկ տարի էր՝ ամուսինս ստիպում էր ինձ, որպեսզի տղամարդկանց մերսումներ կատարեմ: Նա խաղամոլ էր, մեծ գումարներ էր տանուլ տվել: Չէր կարողացել վճարել: Բնականաբար, հրաժարվեցի, ասելով, թե չեմ կարող զբաղվել մերսումներով, քանի որ տեսական գիտելիքներից այն կողմ տեղյակ չեմ մերսման գաղտնիքներին: Նա ասաց, թե իրեն կսպանեն, եթե գումարը չկարողանա տալ: Նա զգաց, որ ես երբեք չեմ կատարի դա, որոշեց շանտաժի միջոցով հասնել դրան:

– Մինչ շանտաժի դիմելու մասին հարց տալս, ասա խնդրեմ՝ որքա՞ն էր կազմում այդ գումարը:

– Նա ասաց, թե հարյուր հիսուն հազար դոլար է տանուլ տրվել. խաղատան ապարատն էր կոտրել:

– Իսկ ի՞նչ շանտաժի կարող էր դիմել:

– Ընկերոջ հետ եկավ տուն, ասաց՝ մարտի 8-ն է, նշենք: Նա քնաբեր դեղ էր գցել գարեջրի բաժակիս մեջ, որ ես քնեմ եւ ինչ-որ մերկ տղամարդու կողքին նկարել էր, եւ վիդեո արել: Նա ընկերոջ հետ մտել էր խոհանոց, բաժակով եկան սենյակ: Ես չեմ նկատել: Ամուսինս երբեք նման փորձության չէր ենթարկել, չեմ էլ կասկածել, թե նման բան կարող է իրեն թույլ տալ: Ասում էր՝ ծնողական իրավունքներից կզրկեմ, ես էլ անտեղյակ էի օրենքից, չգիտեի, որ այդպես հեշտ չեն կարող զրկել, նույնիսկ մտքովս չէր անցել, թե կարելի է ուղղակի արյան անալիզ հանձնել, իմանալ, որ անգիտակցաբար եմ կատարել այդ ամենը:

– Երբ այդ նկարները, վիդեոն քեզ ցույց տվեց, դու ի՞նչ ասացիր, ո՞րն էր առաջին ռեակցիադ, չասացի՞ր, որ կբողոքես:

– Նախ՝ նա ինձ մի քանի օր փակի տակ պահեց: Մտածեցի, որ ոչ մի ձեւով չեմ կարող ապացուցել իմ անմեղությունը, եւ զոհ գնացի իր ասած պայմաններին…

– Ինչպե՞ս էր պատկերացնում այդ գործընթացը, որտե՞ղ էին լինելու մերսումները, ինչքա՞ն գումար էր ստանալու, ինչպե՞ս էր գտնելու հաճախորդներին: Ասա՞ց:

– Մերսումները լինելու էին մեր վարձակալած տանը: Հայտարարություն էր տվել համացանցով՝ «օդնոկլասնիկով»: Մեկ մերսումն արժեր տասը-տասներկու հազար դրամ: Երաժշտությունը նա միացնում էր համակարգչով, մերսումը կատարում էի առանձին սենյակում, տղամարդը պետք է լիներ ամբողջությամբ մերկ: Մերսումից հետո այդ գումարն անմիջապես հանձնում էի նրան:

– Հաճախորդը գիտե՞ր, որ մերսողը հայտարարությունը տվողի կինն է:

– Ոչ: Նա թաքնվում էր խոհանոցում: Երեք սենյականոց բնակարան էր: Ի դեպ, ասեմ՝ այնտեղից նկարահանում էր: Խոհանոցի պատուհանը նայում էր ննջասենյակի պատուհանին: Վարագույրով քողարկված էր փոքրիկ տեսախցիկը: Ես չէի կարող բողոքել հաճախորդին, թե գիտես, ստիպված եմ կատարում այս մերսումը, ել, գնա: Այդպիսի բան չէի կարող անել, որովհետեւ նա ծեծում էր նաեւ ինձ: Եռման ջուր էր լցնում վրաս: Աթոռին կապում, մինչեւ ասում էի՝ հա, կանեմ: Որոշ ժամանակ հետո փոխվեցին մերսման պայմանները. «ռելաքսի» դեպքում պետք է կատարեի նաեւ «էռո» մերսում: Իմ մարմնով…ես, իհարկե, չէի համաձայնի դրան, կփախչեի, բայց կար մի բայց. այդ կադրերը կարող էին գնալ նաեւ համացանց: Ամուսինս սպառնում էր, որ բացի մայրական իրավունքներից զրկելուց, այդ կադրերը կտեղադրվի «Յութուբում»:

– Դու հարազատներ ունեիր: Հեռախոսով չէի՞ր կարող տեղեկացնել քեզ հետ կատարվածի մասին:

– Հեռախոս չունի. ինքն էր պատասխանում հեռախոսի զանգերին: Ինձնից վերցրել էր կապի բոլոր միջոցները, նաեւ տան՝ քաղաքային հեռախոսը:

– Քո մանկահասակ երեխաներին ո՞վ էր տանում մանկապարտեզ, եւ այդ ժամանակահատվածում մի՞թե հնարավոր չէր բարձրաձայնել քո վիճակի մասին որեւէ մեկին:

– Նա էր երեխաներիս տանում մանկապարտեզ: Ինձ վրա փակում էր դուռը, այդ ընթացքում տեղի էր ունենում մերսումը: Որեւէ մեկի հետ շփում չենք ունեցել, հարկն էլ բարձր հարկ էր: Անհարմար էր նաեւ անծանոթ մարդկանց դիմելը…մանավանդ որ՝ շփում չեմ ունեցել որեւէ մեկի հետ:
Հավանաբար ամուսինս շեղումներ ուներ. որովհետեւ կնոջը նման բաների չեն դրդում:

– Համատեղ տարիներին որեւէ շեղում նկատե՞լ ես:

– Ասես կոնտուզիա ունենար, մորը հարցնում էի, ասում էր նման բան չկա…սիրուհիներ էր պահում, հաճախ տուն էր բերում. նորմալ մարդը երկու երեխաների օջախ սիրուհի չի բերի: Ելքը փախչելն էր: Ստիպված մեկ տարի կատարել եմ այդ գործը:

– Որքա՞ն հաճախորդ ես այդ ընթացքում ընդունել:

– Մի հարյուր հոգի կլիներ: Նա ինձ տրված գումարը վերցնում էր: Հետո իրեն համոզեցի, որ հոգնում եմ, երկրորդ մերսող էլ թող բերի: Խորամանկեցի: Համացանցով գտավ մեկին՝ հայտարարության միջոցով: Մերսուհին աշխատել էր գործող մերսման սրահներից մեկում: Եվ քանի որ այնտեղ քիչ էին նրան վարձատրել, բարձր աշխատավարձի ակնկալիքով եկավ մեր…տուն:

– Որքա՞ն էր վարձատրվել:

-Նրան 50-50 էին վճարել, իսկ մեզ մոտ՝ 12 հազարի 60%-ը: Վազելով եկավ մեր տուն, չիմանալով, թե դա տուն է: Արգելված էր այդ աղջկան ասել, թե կինն եմ: Բայց քանի որ տանը օրորոցներ, երեխաների հագուստ կային, նա հասկացավ, որ ես երեխա ունեմ, հետագայում ամուսինս նրան ասել էր, թե իր սիրուհին եմ, իսկ հետո այդ կինն այնքան էր մտերմացել ամուսնուս հետ, որ իմացավ՝ կինն եմ:

– Ինչպե՞ս հաջողվեց քեզ փախչել:

– Որոշեցի որեւէ մեկի օգնությանը չդիմել: Նա մի օր դուռը միամտաբար բաց էր թողել, երեխաներին ներսում թողնելով՝ միանգամից գնացի ոստիկանություն: Երեխաներին թողել էի տանը, որ որեւէ բան չկասկածի: Ոստիկանությունում հարցրին, թե կա՞ ապացույց, որ ճիշտ ես պատմում, ասացի՝ տանը համակարգիչ կա, դրանով ենք գտել հաճախորդներին: Երբ նրանք եկել էին ամուսնուս կալանելու, գտել էին համակարգիչը, բայց ներսի տվյալները նա ջնջել էր, բայց չէր ջնջել…պահոցինը: Նա թաքնվել էր բազմոցի տակ: Գտել էին նաեւ մեր գործով վկա անցած մերսողին:

Ի դեպ, այս վկան ցուցմունք էր տվել, որ զրուցակցիս ամուսինը ցույց է տվել համակարգչով, թե ինչպես է նա սեռական հարաբերություն ունենում հաճախորդների հետ, օրը չորսից-հինգ անգամ: «Փորձեցի հասկանալ, թե ո՞րն է նկարահանման շարժառիթը, ամբաստանյալը պատասխանեց՝ նպատակ ունի զրկել մայրական իրավունքներից»,-ասել է վկան:

Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Հ.Գ.- Ամուսինը ստիպել էր կնոջը բանկից 400 հազար դրամ գումար վարկ վերցնել՝ տարեկան 24% տոկոսադրույքով: Հարցազրույցը վերցնելու պահին դատարանից ստացվեց վճիռը. բանկը դատի է տվել զրուցակցիս, նշյալ գումարը բռնագանձելու պահանջով: Զրուցակիցս դատարան էր ներկայացրել իր առարկությունները, մասնավորապես նշելով. «Բանկի հետ պայմանագիրը կնքել եմ բռնության եւ սպառնալիքի ներքո: Ստացված գումարը պատասխանողը հանձնել է հանցագործին»: Առաջին ատյանի դատարանը բավարարել է հայցվոր բանկի պահանջը:

«Առավոտ»

08.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930