Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտֆեստը» կբացվի «Վեստսայդյան պատմություն» ներկայացմամբ (Տեսանյութ)

Հունիս 08,2017 15:13

Երևանում «Վեստսայդյան պատմություն» ներկայացմամբ մեկնարկում է «Արտֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնը, որը կտեւի հունիսի 8-19-ը: Փառատոնի խորագիրն է` «Մեկ տանիքի» ներքո: Կազմակերպիչները շուրջ 500 հայտ են ստացել, որոնցից ընտրել են լավագույններին:

Այդ առիթով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ասուլիս էր հրավիրվել, որին մասնակցում էին փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը, գեղարվեստական ղեկավար, դերասան Դավիթ Հակոբյանը, փառատոնի ժյուրիի անդամներ՝ լուսանկարիչ Սամվել Սևադան, Աննա Հեքեքյանը, Աննա Կարապետյանը Եկատերինա Պիլկինան (Ուկրաինա):

Էրիկ Բարսեղյանը նշեց, որ արդեն 5-րդ տարին է՝ գործում է փառատոնը: Նա նաեւ հավելեց, որ այս տարի առաջին անգամ փառատոնում դրամական մրցանակ է սահմանվել, որը կստանան գրականության ոլորտի հաղթողները: Մրցույթը նվիրված է արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Նրա ընտանիքը 100 000 դրամով կպարգեւատրի Կինոսցենար եւ դրամատուրգիա անվանակարգերի հաղթողներին:

Դավիթ Հակոբյանը նշեց, որ փառատոնը ժպիտով են սկսել ու ժպիտով էլ շարունակելու են: «Ամենակարեւորը` փորձում են լինել ազնիվ, որովհետեւ գործ ունենք երիտասարդների հետ»,-հավելեց նա:

Ռեժիսոր, պրոֆեսոր Աննա Հեքեքյանն էլ շեշտեց, որ հաճախ ժյուրիի անդամների կարծիքները տարբեր են լինում, ու բանավեճերի արդյունքում էլ, իր ձեւակերպմամբ, ծնվում է ճիշտ պատկերը:

Aravot.am-ը հետաքրքրվեց` ինչ է տալիս փառատոնը երիտասարդներին, արդյոք բավարարվո՞ւմ ենք երկրի ներսում միայն իրար ծափահարելով ու գովելով, թե՞ հաղթողներն, օրինակ, հնարավորություն են ստանում մեկնել որեւէ հեղինակավոր բուհ ու մասնակցել որեւէ երեւելիի վարպետաց դասին:

Տիկին Հեքեքյանը պատասխանեց, որ փառատոնն առայժմ նման հնարավորություններ չունի, քանի որ ամեն ինչ ծախսերի հետ է կապված, իսկ ընդհանրապես շատ բաներ արվում են իրենց անձնական կապերի միջոցով:

Սամվել Սեւադան կարծիք հայտնեց, որ նման ձեռնարկներն ավելի շատ պետք է լուսաբանվեն. «Մարդիկ ողջ տարին չարչարվում են, որ մի քանի օր տոն լինի, ու նրանց կատարած ծանր աշխատանքը չի երեւում»:

Աննա Կարապետյանի համոզմամբ, փառատոնը երիտասարդներին ներկայանալու հրաշալի հարթակ է, այս տարվա փառատոնին մասնակցում է 450 երիտասարդ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930