Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն է քննարկվում ԱԺ-ում: Նախագծով առաջարկվում է համայնքների խոշորացման գործընթացը շարունակել:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի գյուղերի բնակիչներին թվում է՝ իրենց գյուղը առանձնահատուկ է, իրենք լրիվ տարբերվում, առանձնանում են ամբողջ Հայաստանից ու եթե գյուղերին թողես՝ իրար մեջ հսկիչ անցագրային գներ կսահմանեն ու վիզային ռեժիմ կսահմանեն, որ առանց վիզա իրենց գյուղ մտնելու հնարավորություն չունենաս, որովհետեւ իրենք առանձնահատուկ են. «Որ գյուղ մտնում ես, ասում են՝ դե մեր գյուղը լրիվ ուրիշ ա, էլի»:
Ըստ Փաշինյանի, այս տեղային հայրենասիրությունը պետք է արմատախիլ անել, դա վիրուս է: ԼՂՀ-ն էլ է սրա մեջ մտնում, տեղային հայրենասիրության ցանկացած դրսեւորում շատ վտանգավոր է, ըստ պատգամավորի: Փաշինյանին վրդովվեցնում է այն, որ իրեն մոտենում են եւ ասում են՝ «բարեւ ձեզ, ես ձեր հայրենակիցն եմ, Տավուշի մարզից եմ»: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ լավ, բա Սյունիքի մարզի բնակիչն իմ ի՞նչն է, հայրենակիցը չէ՞:
Փաշինյանը գտնում է, որ խոշորացման գաղափարը վատ չէ, բայց չկա երաշխիք, որ վաղն էլ մարզերը չեն խոշորացնի ու դարձնեն քաղաքներ:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ պետք է արդյունք տեսնեն, եթե խոշորացումը արդյունավետ չլինի, հարյուր հատ միջազգային կազմակերպություն էլ մեզ հորդորի՝ դրան չպետք է գնանք՝ մոդային տուրք տալով:
Ինչ վերաբերում է Փաշինյանի բարձրացրած տեղային հայրենասիրության խնդրին՝ Շարմազանովն ասաց. «Իհարկե, Հայաստանը մեկ աշխարհ է, մեկ ժողովուրդ եւ Նոյեմբերյանից մինչեւ Ագարակ, Գյումրիից մինչեւ Տավուշ, բոլոր բնակիչները մեր հայրենակիցներն են, մեր քույրերն ու եղբայրները»: Բայց նա ասաց, որ լոռեցի լինելով՝ եթե ինքը սրտացավ չի Լոռիի համար, չի կարող Շիրակի նկատմամբ սրտացավ լինել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ