Լրահոս
Օրվա լրահոսը

«Ում համար ընտրակաշառք էիք բաժանում, նրանց էլ զանգեք բացատրեք, թե սպիտակ ցեղասպանությունը որն ա». Փաշինյան

Հունիս 08,2017 15:04

Վարչատարածքային բաժանման մասին փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է համայնքների խոշորացման գործընթացը շարունակել:

Թե նախկինում խոշորացված համայնքներում ինչ արդյունավետություն է եղել, ե՞րբ կարող ենք իմանալ՝ Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ այս տարվա վերջին Դիլիջանի, Թումանյանի եւ Տաթեւի պարագայում կունենանք տվյալներ, բացի այդ, եւս 15 համայնքների հետ կապված կլինեն տարեկան տվյալներ եւ հնարավոր կլինի վերլուծել:

«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց՝ դուք տեղյա՞կ եք բողոքի ակցիաներից, որոնք երեկ, այսօր Վարդենիս-Մարտունի ճանապարհին են լինում, մարդիկ փողոց են փակել. «Նրանք լուրջ խնդիրներ են բարձրաձայնել ու չեն կարողանում հասնել կառավարության անդամներին: Նրանց խոստացել էին, որ վարչապետը եւ տարածքային նախարարը կընդունի, բայց ընդունել էին իրենց օգնականները: Նման ձեւով չէր կարելի վերաբերվել քաղաքացիներին, ովքեր Վարդենիսից եկել հասել էին Երեւան»:

Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ նման ձեւով չէր կարելի իսկապես վարվել, բայց իրականում այդպես չի եղել. վարչության պետը երեկ հանդիպել է գյուղացիների հետ, այսօր էլ իրենց ամբողջ թիմը Վարդենիսում է եւ լուծումներ կգտնեն: Նա վստահեցրեց, որ իրենք մանրամասն տեղյակ են: Իրենք առաջարկել են համայնքների նոր կազմով տարբերակ. «Անպայման կարձագանքենք»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բողոքեց, որ Վայոց ձորի համայնքի Ագարակաձոր համայնքը միավորել 17 կմ հեռու գտնվող Արենիին՝ անհասկանալի է. «3 կմ հեռավորության վրա Մալիշկա համայնք է գտնվում, երկու համայնքները ունեն ընդհանրություններ՝ պատմական, էթնիկ, աշխարհագրական: ինչու պետք է Ագարակաձորը միացվի Արենիին, ինձ համար հասկանալի չէ: Մենք սահմանամերձ համայնքներին արտոնություններ ենք տվել, բայց նույն փնջում Խաչիկ համայնքն է ընդգրկվել: Չե՞ք կարծում, որ Խաչիկ համայնքը գրեթե առաջնագծում գտնվող համայնք է եւ պետք է ունենա հատուկ կարգավիճակ»:

Վաչե Տերտերյանը խոստացավ գրավոր տեղեկանք ներկայացնել պատգամավորին՝ Արենիին Ագարակաձորի միացման հետ կապված: Ինչ վերաբերում է Խաչիկին, նա ասաց, որ այդ համայնքը օժանդակություն ստանում է պետությունից՝ էլեկտրաէներգիայի, գազի, ոռոգման ջրի, գույքահարկի, հողի հարկի մասով:

«Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը դժգոհեց, որ համայնքների բնակիչների կարծիքը չի լսվում, բայց խոշորացվում է համայնքը:

Իսկ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պատմեց, թե համայնքի ղեկավարներից ինչ զանգեր են ստանում ու ինչ են պատասխանում իրենց: Նրա խոսքերով՝

«Էս վերջին օրերին «Ելք» խմբակցության անդամները տարբեր ավագանիների անդամներից, համայնքի ղեկավարներից զանգեր են ստանում, որ Զեյնալյան ջան, Գորգիսյան ջան, Փաշինյան ջան, մի հատ էդ ԱԺ ամբիոնից ասեք՝ էս ինչ ա, ինչ ա կատարվում, բա սա չի կարելի, սա ցեղասպանություն ա, հետո հետաքրքրվում ենք, ուզում ենք հասկանալ՝ զանգողներից ով ով ա: Հետաքրքրվելու արդյունքում ուզում եմ էդ մարդկանց ասել հետեւյալը՝ ում համար ընտրակաշառք էիք բաժանում ոչ հեռավոր անցյալում ընտրություններում, նրանց էլ զանգեք բացատրեք, թե սպիտակ ցեղասպանությունը որն ա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930