Սիրիացի Գաիդա Ալ-Օդաթը քաղաքական ապաստան է ստացել Շվեյցարիայից, սակայն շարունակում է աշխատել Սիրիայի բնակիչների հետ՝ իրազեկել նրանց իրենց իրավունքների մասին: Նա մտահոգված է Սիրիայի հարևան երկրներում ապաստան ստացած սիրիացիների համար, քանի որ ըստ նրա, իրենք անպաշտպան են, շատ անգամ բռնության են ենթարկվում և կառավարությունից որևէ օգնություն չեն ստանում. «Չկա օրենք, չկա պաշտպանություն, չկա կառավարություն, որը նրանց մասին հոգ կտանի, նույնիսկ ՄԱԿ-ը նրանց մասին հոգ չի տանում»:
Ըստ նրա, Լիբանանի, Թուրքիայի, Հորդանանի կառավարությունները փոխարեն շարունակ խոսելու՝ պետք է աշխատեն: Մեր նկատառմանը, որ այդ երկրները ժողովրդավար չեն և շատ անգամ իրենց քաղաքացիների որոշ իրավունքներ են ոտնահարում, Գաիդա Ալ-Օդաթն ասաց. «Դրա համար մենք չենք ասում, որ նրանք պետք է լավ կյանք ապրեն, մենք գիտենք, որ այս երկրներում էլ շատ դժվար խնդիրներ կան, բայց մենք ցանկանում ենք, որ նրանք պաշտպանեն փախստականների իրավունքները այնքան, ինչքան կարող են, պաշտպանեն մարդկությանը: Մենք չենք խնդրում նրանց քաղաքացի դարձնել, դա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել իրենց համար: Եվ ինչու ենք մենք խոսում մարդու իրավունքների մասին, եթե ՄԱԿ-ը չի կարող պաշտպանել: Դա շոո՞ւ է, մենք չենք ուզում շոու, մենք իրական նախագիծ ենք ուզում հատկապես կանանց և երեխաների պաշտպանության համար»:
Հետաքրքրվեցինք, թե այդ երկրներում սիրիացի կանայք ինչ խնդիրների առաջ են կանգնում, Գաիդա Ալ-Օդաթը ասաց, որ դժվարանում է այդ մասին խոսել, քանի որ կանայք վախենում են բարձրաձայնել այդ խնդիրները. «Հորդանանում և Թուրքիայում նրանք դա անում են ամուսնության անվան տակ: Դա կրոնի մասին է, որը ընդունում է երիտասարդ աղջիկների հետ ամուսնությունը: Նրանք օգնության կարիք ունեն, ընտանիքը օգնության կարիք ունի: Նամանավանդ, եթե ընտանիքը հայր չունի, ի՞նչ են կարող նրանք անել, ի՞նչ կարող է անել մայրը, եթե նա չի կարող աշխատել իր ընտանիքի համար: Միգուցե նրանք կարծում են, որ դա օգտակար կլինի աղջկա համար, բայց մի որոշ ժամանակ աղջիկը միայնակ կլինի իր փոքր երեխայի հետ՝ առանց ամուսնու, քանի որ դա իրական ամուսնություն չէ»:
Խնդրեցինք անդրադառնալ նաև Եվրոպայում բնակություն հաստատած սիրիացի փախստականների խնդիրներին. «Շատ լավ է, որ Եվրոպայում կա փախստականների իրավունք, բայց այնտեղ շատերը ռասիստական հայացքներ ունեն և չեն կարող ընդունել փախստականներին: Այդ մարդիկ օրենքի տակ անում են այդ ամենը, օրենքը պաշտպանում է փախստականներին, օրենքի տակ շատ հանցագործություններ են կատարվում, նրանք փորձում են ցավ պատճառել փախստականներին: Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, ասում ենք, որ դա տեղի է ունեցել Եվրոպայում, բայց ոչ՝ նրանք կարող են ուշադրություն դարձնել իրենց քաղաքացիների իրավունքների վրա, բայց չեն կարող անել դա բոլորի համար: Շատ բաներ են կատարվում Եվրոպայում, իհարկե՛, դա այն չէ, ինչ կատարվում է Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, բայց այստեղ ևս կան խնդիրներ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ