Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա հավասարազոր էր քաղաքացիներին Վովա Գասպարյանի նկուղում պահելուն». Դանիել Իոաննիսյան

Հունիս 08,2017 14:29

Սարի թաղի դեպքերից հետո քաղաքացի կար, որի մարմնից ոստիկանության գործողությունների պատճառով 75 բեկոր են հանել բժիշկները, աչքը կորցրած քաղաքացիների թիվը 8-ն է: 2016-ի հուլիսյան դեպքերի և դրանց հետևանքների վերաբերյալ hայաստանյան մի շարք ՀԿ-ների կողմից պատրաստված «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016թ. հուլիսի 17-30-ը» ամփոփ զեկույցում ներկայացվում են հուլիսյան իրադարձությունների ընթացքում գրանցված իրավախախտումները:

«Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկմանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը նշեց, որ զեկույցը 2016-ի հուլիսին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ պահանջատիրություն հնչեցնելու միջոց է, որ ցույց տան՝ խախտումները չեն մոռացվել և հետամուտ են լինելու համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելուն: Նրա գնահատմամբ՝ հուլիսյան իրադարձությունները բացառապես խաղաղ հավաքների, հասարակական ընդվզման ճիչը լռեցնելու փորձ էին. «Հուլիսի 17-30-ը ոստիկանության կողմից կիրառվել է 5 տեսակի հատուկ միջոց, որից 2-ի վերաբերյալ չկա որևէ օրենսդրական կարգավորում, թե ինչպես պետք է այն կիրառվի»:

Մինչդեռ ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի՝ ոստիկանությունը պետք է գործի այնպես, որ որևէ խաղաղ անձ չտուժի: Սակայն հուլիսյան իրադարձությունները հակառակն են ապացուցում. «Ոստիկանության կրակելուց հետո ոստիկանները գիլզաները վերցրել ու շպրտել են ցուցարարների վրա: Ոչ մեկի մտքով չէր էլ անցնի նման բան սահմանել: Սա մարտական զենքի տպավորություն է ստեղծում: Դատելով քաղաքացիների ստացած վնասվածքներից՝ տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ գտնվել են մարտի դաշտում: Քաղաքացի կա, որի մարմնից 75 բեկոր է հանվել, աչք կորցրած քաղաքացիների թիվը 8-ն է: Հաճախ պատշաճ բժշկական օգնություն չէր տրամադրվում: Հուլիսի 20-ին շտապօգնության մեքենան միայն տուժած ոստիկաններին էր օգնություն ցույց տալիս»:

Պարոն Իոաննիսյանը շեշտեց, որ թեև հատուկ միջոցների կիրառման կարգ էր սահմանված, այն չի պահպանվել, օրինակ՝ լուսաձայնային նռնակները պետք է կիրառել մարդկանցից որոշակի հեռավորության վրա նրանց առողջությանը անդառնալի հետևանքներ չպատճառելու համար:

Պարոն Իոաննիսյանը նաև մտահոգություն հայտնեց, որ 100-ից ավելի քաղաքացիներ հուլիսյան դեպքերի ժամանակ տարվել էին ոստիկանության զորամասեր. «Դա իրավասության տեսանկյունից հավասարազոր էր քաղաքացիներին Վովա Գասպարյանի նկուղում պահելուն: Սա ուղղակի աննախադեպ էր»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մտահոգություն հայտնեց, որ լրագրողներին հավաքել են մի տեղ և կիրառել նռնակներ, ինչը խոսում է միտումնավոր հաշվեհարդար տեսնելու մասին. «Հուլիսի 17-30-ը տուժել են 27 լրագրողներ և օպերատորներ, որոնցից 19-ը ենթարկվել է ֆիզիկական բռնության, 8-ի գործունեությունը խոչընդոտվել է առանց ֆիզիկական բռնության, բայց իրենք իսկապես չեն կարողացել իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը: Իրականացվել է նաև նրանց նկատմամբ հետապնդում»:

Աշոտ Մելիքյանը վրդովված է, որ այդքանից հետո որևէ ոստիկան լուրջ պատիժ չի կրել, մինչդեռ խոսքը քրեական հանցագործության մասին է:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի բնութագրմամբ՝ ոստիկանությունը հուլիսին որոշեց, որ պիտի անցնի ահաբեկչական գործողությունների՝ ըստ ամենայնի ունենալով Բաղրամյան 26-ի հրահանգը. «Հիշենք հատուկ միջոցները, որոնցով անհարկի ահաբեկել են մարդկանց: Մենք պետք է ունենանք իրավազանցների ցուցակ և հրապարակենք այն ի լուր ողջ Հայաստանի ժողովրդի, որ բոլորն իմանան, որ այս մարդը կոնկրետ հանցագործություն է կատարել»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի պնդմամբ, եթե նման իրավիճակ կար, կարելի էր արտակարգ իրավիճակ հայտարարել, բայց, ավելին, ոստիկանությունը հայտարարում էր, որ գործում է բնականոն կարգով, ուստի այս իրավիճակում հինգ կիլոմետր հեռավորության շառավղով գործողություններ իրականացնելն օրինաչափ նպատակ չէր հետապնդում. «Ոստիկանությունը պետք է այդ իրավունքն ունենար, իսկ թույլ տալու կամ արգելելու հարցը քննարկում է լիազոր մարմինը, այդ դեպքում Երևանի քաղաքապետարանը: Քանի որ այդ թույլտվությունը չկար, ուրեմն սա կարելի է գնահատել ոստիկանության կամայականություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930