Երկու օր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ աշխատանքային խորհրդակցություն էր տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել էր Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը։ Հիշեցնենք, որ այդ ծրագրով Գյումրու կենտրոնում ապրող բնակիչներին առաջարկվում է իրենց տները վաճառել ունևորներին, որոնք էլ, գնելով դրանք, գերժամանակակից հյուրանոցների, ռեստորանների, արհեստանոցների կվերածեն՝ Գյումրին գրավիչ դարձնելով տուրիստների համար։
Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ինքն անձամբ մասնակցել է վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությանը, Կարեն Կարապետյանը խիստ հանձնարարականներ է տվել բոլոր գերատեսչություններին։ Ըստ ճարտարապետի, ծրագիրը թափ է հավաքել, արդեն հաշիվներ կան բացված, կան ներդրողներ։
Իսկ ովքե՞ր են ներդրողները՝ բացի վարչապետից, ճարտարապետը խուսափեց անուններ հրապարակելուց, քանի որ, ըստ մեր զրուցակցի, դեռ փաստաթղթային ձևակերպումներ չկան։
Մեր այն հարցին էլ՝ ինչո՞ւ են դադարեցվել վարչապետի ընտանիքի կողմից գնված «Ջրահարս» ռեստորանի շենքում շինաշխատանքները, մի՞թե Կարեն Կարապետյանը փոշմանել է, այլևս չի ուզում այդտեղ ռեստորանահյուրանոցային համալիր կառուցել, քաղաքի գլխավոր ճարտարապետն ասաց․ «Ի՞նչ փոշմանել, նախագծի ավարտին ենք սպասում, որ սկսվի շինարարությունը, մի քանի տարբերակներ են եղել, վարչապետը շատ բծախնդիր է նայում այդ հարցին։ Նախագիծն ավարտվի, որ հասկանանք ինչ ենք անում»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ