«Այսօր ՀՀ-ում գործում է առողջապահական օլիգարխների համակարգ: Հիվանդանոցները բոլոր լավագույն կադրերին տանում են: Պոլիկլինիկաներում էլ սոնոգրաֆիայի սարք կարող է լինի, բայց այնտեղ աշխատի այնպիսի բժիշկ, որ ոսկորի կոտրվածքը չտարբերի, 4 սմ-անոց ուռուցքը չնկատի, որովհետեւ այդ մարդն այն անեկդոտի նման է, ասում է ես ստեղի էլեկտրիկն եմ, սպասիր բժիշկը գա, կասի»,- «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսպես այսօր ԱԺ-ում քննադատեց առողջապահական համակարգը, նա ասաց, որ չկա քաղաքականություն, ստեղծում են ոսկեջրած պատեր, բայց հիվանդությունների կանխարգելման հարցում որեւէ քայլ չեն անում:
Իսկ ԱԺ-ում քննարկվում էր «Պետգույքի մասնավորեցման 2017-2020» ծրագրի հաստատման հարցը: Այդ ծրագրով նախատեսվում է եւս 24 պետական հիմնարկներ մասնավորեցնել: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը առաջարկեց պետգույքի մասնավորեցման ցանկից հանել կրթական, առողջապահական հիմնարկները. «Պետությունը պետք է ինքը ենթակառուցվածքներ ձեւավորի, որ ինվեստորը գա»: Նա հիշեցրեց, որ իրենց կուսակցության ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը առաջարկել էր, որ Երեւանում եւ մարզերում իր միջոցներով մարզադպրոցներ կառուցվեն, որ երեխաներին փողոցից կտրեն եւ սպորտի մասսայականացում լինի, պետության դերն էր կաթսայատներ գոնե սարքել, դա էլ չէր անում. «24 մարզադպրոց է գործում սպորտի նախարարությանը կից: 450 աշխատող կա այնտեղ, բերեք ծրագիր, տեսնենք, որ պետությունը ծրագրային մոտեցում ունի, որ ներդրողը գա: Ստացվում է, որ ամեն ինչ պիտի ինվեստորը անի, պետությունը ոչ մի բան չի ուզում անի»:
Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, երբ հանձնաժողովում հարցրել էին՝ ներդրողներ կա՞ն, որ մասնավորեցնում եք այս հիմնարկները, ասել էր, որ դեռ չկան, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր հայտարարեց, որ կան, պարզապես անունները չեն ուզում բարձրաձայնել, կարող է, մարդ ես, ԱԺ-ն հանկարծ չվավերացնի ծրագիրը: Նա ասաց, որ սեփականաշնորհել՝ չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռքերը լվանա, հստակ վերահսկողություն պետք է լինի, պետությունը պետք է իր չափորոշիչները թելադրի: Նա ասաց, որ մենք արդեն վայրի սեփականաշնորհման գործընթաց տեսել ենք նախորդ տարիներին եւ դա մեզ դաս է եղել:
Ամփոփիչ ելույթում Արման Սահակյանն ասաց, որ կառավարությունը ունի մեկ նպատակ՝ ներդրումների ներգրավման ճանապարհով արդիականացնել այդ պետական հիմնարկների գործունեությունը:
«Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը երեկ իր ելույթում լուրջ մտահոգություններ էր հայտնել «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ կապված: Նա ասել էր, որ մեր ազգային հարստությունը՝ ժապավենները բոլորը փչացել են թվայնացման այդ մեթոդի արդյունքում, ավելի մեծ վնաս է մեզ հասցվել, քան մասնավորեցման դիմաց այդ գումարը, որ վճարել են ու «Հայֆիլմն» իրենցով արել: Նա ասել էր, որ անհեթեթ որոշում են ժամանակին կայացրել՝ «Հայֆիլմի» հետ վաճառելով նաեւ կինոֆոնդը, ժապավենները: Այսօր Արման Սահակյանը ի պատասխան Գորգիսյանի, ասաց, որ կա կառավարության որոշում՝ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ն պարտավորվում է օգտագործման իրավունքով իրեն տրամադրված ՀՀ սեփականությունը հանդիսացող ֆիլմաֆոնդի կրիչների բնօրինակները վերադարձնել ՀՀ Մշակույթի նախարարությանը: Նա վստահեցրեց, որ եթե Պետգույքի մասնավորեցման ծրագիրը հաստատվի, բոլոր պետական հիմնարկների հետ կապված նման պարտավորություններ են սահմանվելու:
Մասնավորեցման ենթակա հիմնարկների ցանկում է նաեւ կառավարության ընդունելությունների տունը, որի հետ կապված իր մտահոգությունն էր հայտնել Վարդան Բոստանջյանը: Արման Սահակյանը պատասխանեց, որ այսօր կառավարության ընդունելությունների տունը պահելը իսկական կրակ ու պատիժ է, ավելի լավ է մասնավորի հետ գործ ունենան, քան պահեն այդ պետական օբյեկտը:
Արման Սահակյանը բոլոր խմբակցությունների պատգամավորներին հրավիրեց՝ ուշիուշով հետեւելու մասնավորեցման գործընթացին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ