«Ազատության» հրապարակից դեպի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան մեկնարկեց «Հիմնադիր խորհրդարանի» համակիրների եւ «Սասնա ծռեր»-ի աջակիցների բողոքի երթը։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկում է «Սասնա ծռեր»-ի խմբի 14 անդամի գործերով դատաքննությունը։
Երթի մասնակիցները վանկարկում են «Սասնա ծռեր»-ի անդամների անունները եւ քաղաքացիներին տեղեկացնում դատավարության մեկնարկի մասին։
Երթի մասնակիցներին է միացել նաեւ «Նաիրիտ» գործարանի մի աշխատակից՝ «Պահանջում ենք «Նաիրիտ»-ի վերագործարկումը» գրությամբ պաստառով։ Միաժամանակ նա երթի ժամանակ սուլում է եւ հայտնում, որ միացել է ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի երթին. «Մեր ջոջերը ժողովրդի թշնամին են… ով մարդկային արդարություն՝ թող որ թքեմ քո ճակատին, ամոթ մեր իշխանություններին, որ ձերբակալել են իրենց ազատամարտիկներին»:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե մինչեւ հիմա իշխանությունները հնարավորություն ունեին իրենց ստերը ներկայացնել, դատավարության մեկնարկով «Սասնա ծռեր» խմբի տղաները բեմ կունենան արտահայտվելու եւ հակադարձելու այս իշխանություններին։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ