Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացված նախաքննության ընթացքում ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Այսպես, հիշյալ քրեական գործերով ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 25.07.2014թ.-ին` Վարդենիս քաղաքում, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ. Գ.-ի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Ս. Շհոյանը մեղադրյալի ծնողներից 2015 թվականի հունիսին պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, և Գ. Գ.-ն 01.07.2015թ.-ին կալանավորվել է:
Հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա դատախազին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` մեղադրյալի օգտին գործողություն կատարելու համար նրա ծնողներից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու համար:
Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ս. Շհոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, դատախազը կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ