Մինչ օրս Վանաձորի համայնքի ավագանու նիստերը կայանում են միայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ներկայացնող թվով 15 ավագանու անդամների մասնակցությամբ: Ընդդիմադիր 3 ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները շարունակում են բոյկոտել նիստերը:
Ապրիլ ամսին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Վանաձորի համայնքի ավագանու նիստերն ու դրանց ընթացքում ընդունած որոշումները:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար, ավագանու անդամ Քրիստ Մարուքյանն ասաց, որ Սահմանադրական դատարան դիմելու համար հայցադիմումն արդեն պատրաստ է: Անհրաժեշտ է 21 պատգամավորական ստորագրություն: Քրիստ Մարուքյանը չբացառեց, որ հնարավոր է այլ կուսակցությունների պատգամավորներ եւս միանան իրենց, որպեսզի դիմեն ՍԴ:
«Քանի որ անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների 1/5-րդ-ի ստորագրությունը, որպեսզի դիմենք եւ Սահմանադրական դատարանը ընդունի դիմումը, այժմ քննարկումների մեջ ենք: Խորհրդարանական մյուս ուժերի հետ եւս քննարկվում է հարցը»:
Խմբակցության ղեկավարը վստահ է, որ արդյունքի կհասնեն, ասում է՝ հակառակ դեպքում նույնիսկ ընտրություններին չէին մասնակցի. «Մենք որ մի քայլ անում ենք, մենք եղած մեխանիզմներն ու օրենքով սահմանված հնարավորությունները ուզում ենք օգտագործենք: Ամեն էտապից հետո արձանագրում ենք կամ այդ մեխանիզմն աշխատեց կամ ոչ, կամ այստեղ բան կա փոխելու կամ չկա: Բայց չունենք այն մոտեցումը, որ ասենք, միեւնույն է, բան չի փոխվելու, չանենք: Եթե բան չէր փոխվելու, չէինք մասնակցի էլի»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ