Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արի գնա տուն, նորմալ, աբշիրնի ինֆարկտը թող խփի, նոր կգաս». Փաշինյանը՝ հիվանդանոցների մասին (Տեսանյութ)

Հունիս 08,2017 12:59

«Պետգույքի մասնավորեցման 2017-2020» ծրագրի հաստատման հարցն է քննարկվում ԱԺ-ում: Այդ ծրագրով նախատեսվում է եւս 24 պետական հիմնարկներ մասնավորեցնել: Այդ հիմնարկների թվում են բազմաթիվ առողջապահական կենտրոններ, այդ թվում՝ «Արաբկիր» բուժկենտրոնը: Երեկ նախագիծը ներկայացնելիս Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ինչպես նաեւ ԱԺ նախագահ, «Արաբկիր» կենտրոնի հիմնադիր Արա Բաբլոյանը, որպես հիմնավորում նշում էին, որ մասնավոր առողջապահական հիմնարկները շատ ավելի լավ վիճակում են, քան պետականները, ուստի եկեք սեփականաշնորհման հանձնենք:

Այսօր իր ելույթում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հեգնեց. «Այո, մասնավոր հիվանդանոցների զուգարաններից այդ ավանդական գարշահոտությունը չի փչում եւ դա շատ լավ է: Բայց արդյունքում ինչ է տեղի ունենում, եթե որեւէ քաղաքացի փռշտալուց բացի առողջական այլ բողոք ունի, ինքը շատ թե քիչ նորմալ հետազոտություն անցնելու համար պետք է 150-200 հազար դրամ ամենաքիչը ծախսի»:

Նա նշեց, որ մեր պետությունը պետպատվերի հնարավորություն է տալիս անապահովներին, բայց տասնյակ հազարավոր մարդիկ պաշտոնապես աղքատ են, բայց նրանց պետպատվեր չի տրվում, որովհետեւ 0.5 միավորով քիչ է գնահատված իրենց աղքատությունը, քան այն սանդղակն է, որը նախատեսված է պետպատվերի համար ու այդպիսի ընտանիքների թիվը հասնում է 80 հազարի:

Փաշինյանը անդրադարձավ նաեւ սրտի անվճար ստենտավորման ծրագրին՝ ասելով, որ զավեշտալի մի շարք դեպքեր կան. «Մենք պայման ենք դնում, ասում ենք՝ պետք է շտապօգնությունով հասնես հիվանդանոց եւ սրտամկանը պետք է մահանալու  պրոցեսի մեջ լինի: Հարեւանի 06-ով ասում են, պետք է չգայիր, ոչինչ, որ շտապօգնությունը մի ժամ ուշացել է, կամ մատոռը ճանապարհին խփել է: Ասում են՝ գնա հետ, էդ շտապօգնությունը նստի, արի: Երկրորդը՝ ասում են՝ ճիշտ է, 2 ժամից էդ ինֆարկտը ստանալու ես, բայց էս պահին կառավարության որոշման համաձայն դեռ չես ստացել: Արի գնա տուն, ինֆարկտը թող քեզ խփի՝ նորմալ, աբշիրնի, եթե բախտդ կբերի, կհասնես հիվանդանոց, այ էն ժամանակ մենք քեզ կստենտավորենք: Տասնյակ տարիներ մարդիկ մահացել են էս պարզ խնդրի պատճառով»:

Նա վստահեցրեց, որ հիվանդությունների կանխարգելման համակարգ չի գործում ՀՀ-ում, պոլիկլինիկաները ջախջախված են, բացի ճնշում չափելուց, որեւէ հետազոտության համար ուրիշ տեղ են ուղարկում: Հիվանդանոցները քաշում, տանում են բոլոր լավագույն կադրերին: Մարզերում եւ քաղաքում այսօր պոլիկլինիկաներում կարող է կոտրած ոտքով գնաս՝ չհասկանան, բռնեն մերսում անեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930