Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնը մասնավորեցման ներկայացնելու հարցը չի քննարկվել ո՛չ բուժանձնակազմի հետ, ո՛չ էլ անգամ հաստատության տնօրենի. «Հայկական ժամանակ»

Հունիս 08,2017 12:52

«Ինչպե՞ս կարելի է ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը, որն ունի ռազմավարական նշանակության, քանի որ մեր երկրում կա ատոմակայան, կա Ղարաբաղի կռիվ, դնել, աճուրդով վաճառել։ Ես դա ընդհանրապես չեմ պատկերացնում»։

Այսպես արձագանքեց նշված կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը՝ կառավարության՝ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրին, որտեղ սեփականաշնորհման ենթակա են համարվում նաեւ առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ ԱՆ ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը։

«Հասկացա, պրոֆիլը չեն փոխում, բայց ինչո՞ւ են վաճառում, կարո՞ղ եք ինձ բացատրել։ Անկապ մի մարդ դառնա գիտական կենտրոնի սեփականատե՞ր։ Նախարարը այս տասը ամսվա ընթացքում (ինչ պաշտոնավարում է.- խմբ.) այստեղ ոտք դրե՞լ է, մենք ուղիղ ենթարկվում ենք իրեն։ Որեւէ փոխնախարար, վարչության պետ մի անգամ եկե՞լ է, նայե՞լ է, թե ինչ վերանորոգում ենք արել, ինչ սարքավորումներ ունենք։ Մեզ մոտ կան սարքավորումներ, որոնք այսօրվա դրությամբ լավագույնն են։ Մեր կենտրոնը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին»,- շարունակեց Նորայր Դավիդյանը։

Կենտրոնը մասնավորեցման ներկայացնելու հարցը չի քննարկվել ո՛չ բուժանձնակազմի հետ, ո՛չ էլ անգամ հաստատության տնօրենի։ Այժմ նրանք փաստի առաջ են կանգնել։ Արհամարհական այդ վերաբերմունքը զայրացնում է տնօրեն Դավիդյանին։ «Սա գիտական կենտրոն է, հինգ պրոֆեսոր է աշխատում, գիտությունների ութ թեկնածու, բարձրագույն կարգի բժիշկներ։ Բոլորը դեմ են սարսափելի։ Լա՛վ, մի անգամ կարելի՞ էր գալ, մի հատ կարելի՞ էր բացատրել՝ ինչ եք անում»,- վրդովմունք հայտնեց նա՝ նկատելով, որ այրվածքաբանության կենտրոնը այլ պետությունների պատվերով ու ֆինանսավորմամբ գիտական աշխատանքներ է իրականացնում, որը մասնավորեցման դեպքում հազիվ թե հնարավոր լինի։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930