Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան փոթորկալից քննարկումների ակտիվ զանգվածը շարունակաբար վիրտուալ «մաստակի» կարիք ունի. «Հայոց աշխարհ»

Հունիս 08,2017 12:38

Վիրտուալ իրականության եւ իրականության միջեւ որոշակի խզվածք կա: Սա, իհարկե, մի առանձնակի նորություն չես համարի եւ ամենեւին էլ «առաջին թարմության» հետեւություն չէ: Այնուամենայնիվ հետաքրքիր է, երբ ընդհանուր հետեւությունը դիտարկում ես կոնկրետ օրինակներով ու դրսեւորումներով:

Գաղտնիք չէ, որ հարյուր հազարավոր օգտատերեր են գրանցված, օրինակ, Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական «տիրույթում»: Գաղտնիք չէ եւ այն, որ այդ օգտատերերից առնվազն մի քանի հազարը ակտիվ են, այսինքն՝ գրեթե ամեն օր կամ էլ օրը մի քանի անգամ հանրությանը ներկայացնում են գրառումներ, դիտարկումներ, դատողություններ եւ այլն: Առանձնապես հետաքրքիր է հետեւել, թե ինչպես է մեր այդ վիրտուալ հանրույթն արձագանքում այս կամ այն հարցին:

Մյուս կողմից՝ գործից հասկացողի համար դժվար չէ այդ վիրտուալ հանրույթի ուշադրությունը շեղել իր ցանկացած կողմ եւ խնդրի վրա: Ավելի հակիրճ՝ դա կոչվում է մանիպուլյացիա: Քիչ չեն օրինակները, երբ անգամ կեղծ պրոֆիլով (ֆեյք) «օգտատիրոջ» կողմից լրահոս նետված ակնհայտորեն կասկածելի «տեղեկությունը» կամ ընդհանրապես չստուգված «տվյալը» միանգամից ուշադրություն է գրավում, բուռն քննարկումների առարկա, տվյալ օրվա ֆեյսբուքյան գլխավոր թեմա դառնում:

Կողքից նայելիս այնպիսի տպավորություն է, որ ֆեյսբուքյան փոթորկալից քննարկումների ակտիվ զանգվածը շարունակաբար վիրտուալ «մաստակի» կարիք ունի: Ամեն օր նորը: Միաժամանակ այդ քննարկումները գնալով ավելի ու ավելի են նմանվում բակային «բեսեդկայի» խոսակցությունների:

Երեկվա ֆեյսբուքյան «մաստակը», օրինակ, կիրիլիցան էր: Բանն այն է, որ կայքերից մեկը նյութ էր գրել, թե Ռուսաստանը ցանկանում է ԱՊՀ տարածքում կիրիլիցայի միասնական տառատեսակի գործածություն ներդնել ու… գնա՜ց: Բուռն արձագանքներ, վրդովված եւ առյուծպատռիչ գրառումներ Ռուսաստանի եւ իշխանությունների հասցեին, պատկերավոր ասած՝ «թուքումուր»:

Մի խոսքով՝ սովորական դարձած հիստերիկ վիճակ՝ պարզապես վիրտուալ տարածքում: Այս պարագայում առավել եւս ծիծաղելի ու անհեթեթ տպավորություն էին թողնում հայրենասիրական պաթոսով թաթախված… լատինատառ բացականչություն-գրառումները առ այն, թե՝ «վա՜խ, ինչ է լինելու mer hayereni het» ու այդպես շարունակ՝ նույն ոգով ու ոճով:

Երբ բորբոքված կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին, պարզվեց, որ Ռուսաստանի ԿԳ նախարար Օլգա Վասիլեւան կարծիք է հայտնել, թե ԱՊՀ երկրներում արժե դասագրքերում գործածել կիրիլիցայի միասնական տառատեսակ: Հարցն էլ իր ենթատեքստն ունի, իհարկե: Տվյալ դեպքում ենթատեքստը Ղազախստանի նախագահի՝ իր երկրի կառավարությանը տրված հանձնարարականն է, որ ղազախական այբուբենը լատինատառ դարձնելու ժամանակացույց կազմեն: Վե՛րջ:

Դժվար չէ տեսնել ու հասկանալ, որ երեկ Ֆեյսբուքի հայկական հատվածում մոլեգնած այդ ամբողջ «կիրիլիցյան» փոթորիկը իրականում փուչ բան է, որը մեր խնդիրներին գրեթե չի էլ առնչվում: Թեկուզ այն պարզ պատճառով, որ հայերենը կիրիլիցայի հետ կապ չունի: Այսինքն՝ սա մեր խնդիրն էլ չէ: Դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ անհարմար է լրացուցիչ հիմնավորել:

Մյուս կողմից, կարծում ենք, ամենեւին էլ պատահական չեն ժամանակ առ ժամանակ բորբոքվող այդ վիրտուալ փոթորիկները: Հենց այնպես ոչինչ չի լինում: Բայց ընդհանուր պատկերը շատ ավելի ուշագրավ է դառնում, երբ դիտարկում ես երեկվա ներքին անցուդարձի հիմնական իրադարձությունների խորապատկերում:

Նախքան վիրտուալ տարածքում կիրիլիցայի աղմուկը կծավալվեր, լրատվամիջոցները տարածեցին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ վարչապետը հրաժարական տալու որեւէ պատճառ չունի, որ իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին հրապարակ նետվող լուրերը մտացածին են:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930