«Հրապարակ»-ի հարցերին պատասխանում է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը
– Գաղտնիք չէ, որ կրթական համակարգը որակապես մեզ չի գոհացնում։ Ի՞նչ է հարկավոր, որ համակարգը Հայաստանում բարելավվի։
– Կրթության եւ գիտության նախարարությունը շատ ուրիշ անելիքներ ունի, որին սպասում է հասարակությունը։ Նա, օրինակ, պետք է վերացնի տխրահռչակ շտեմարանները, որոնք (այլ գործոնների հետ) քանդեցին դպրոցական ուսուցումը։ Հենց այդ պատճառով է, որ համալսարաններում հայտնվում են հանրակրթական լիարժեք կրթություն չստացած մարդիկ։ Երկու-երեք առարկայի գծով նախապատրաստվում են համալսարան ընդունվելուն՝ անտեսելով հանրակրթական շատ կարեւոր առարկաներ։ Դրա համար էլ համալսարաններում հայտնված երիտասարդներ կան, որոնք չգիտեն, թե որտե՞ղ է ծնվել Հովհաննես Թումանյանը, Դանիել Վարուժանն արեւմտահայերե՞ն է ստեղծագործել, թե՞ արեւելահայերեն, ո՞րն է Հունաստանի կամ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը եւ այլն, եւ այլն։ Ոմանք այդպես էլ ավարտում են։
Էլ չխոսենք մասնագիտական գիտելիքներից, կարողություններից ու հմտություններից։ Այ, սա՛ չպիտի թույլ տալ (այդպիսիք դպրոցի ավարտական վկայական էլ չպիտի ունենային)։
Անորակ մասնագետը հետո պատիժ պիտի դառնա իր ոլորտում։ Կիսագրագետ ուսուցիչը քառասուն տարի ավերելու է իր սաների կրթության գործը։ Այդպես էլ՝ թերուս բժիշկը եւ մյուսները։
Բոլորիս է հայտնի, որ բարձրագույն կրթություն ստացածներից շատերն իրենց մասնագիտությամբ տեղ չեն գտնում աշխատաշուկայում։ Դրա համար էլ ունենք օտար լեզուների մասնագետ գանձապահներ ու վաճառողներ, ճարտարագետ առաքիչներ, գյուղատնտեսի դիպլոմով վարորդներ եւ այլն։
Այս հարցերը լուրջ քննարկման ենթակա պիտի լինեն, ի՞նչ է պետք մեր երկրին, որքա՞ն մասնագետներ, արդիակա՞ն են նրանց հաղորդվող գիտելիքները, ովքե՞ր են դասախոսում 21-րդ դարի ուսանողներին…
Չպիտի մոռանանք, որ այդ ուսանողների մեջ կան նաեւ կիրթ, բանիմաց, առաջադեմ մարդիկ, որոնց չի գոհացնում իրենց կրթությունը։ Սրանց համեմատ այն հարցը, թե դիմորդը մեկ անգամ քննություն կհանձնի, թե երկու, հավատացե՛ք, էական չէ։
Վով ՄՈՒՇԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում