Վերջին տարիներին թարմ սնկերի օգտագործման հետ կապված Լոռու մարզում հաճախացել են սննդային թունավորման դեպքերը: «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Լոռի մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանն ասում է, որ Լոռին սնկային թունավորման տեսակետից ամենաանապահով մարզն է.
«Մեր համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ սնկային թունավորումներ ավելի հաճախ պատահում են Լոռու մարզում: Իսկ դեպքերն ակտիվանում են հատկապես հունիս-օգոստոս ամիսներին»:
2015 թվականին մարզում գրանցվել է սնկից թունավորման 15 դեպք՝ 26 տուժածով, 2016 թվականին գրանցել է նույնքան դեպք՝ 23 տուժածով, իսկ այս տարվա ընթացքում արդեն իսկ արձանագրվել է 6 դեպք՝ 12 տուժածով:
Անժելա Հովհաննիսյանն ասում է, որ մարդիկ հիմնականում թունավորվել են իրենց կողմից հավաքած կամ պատահական վայրերից գնած սնկերից. «Սնկավաճառներին ճանաչում եմ, որ չնախատեսված վայրերում վաճառում են: Հորդորում եմ, որ չվաճառեն, բայց դա կանոնակարգված պետք է լինի, համապատասխան կառույցների կողմից՝ մենք չենք կարող նրանց արգելել»:
Որպեսզի կանոնակարգվի սնկի առեւտուրն ու օգտագործումը «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» Լոռի մասնաճյուղը գրությամբ դիմել է մարզի ղեկավարին, խնդրելով վերջինիս աջակցությունը՝ արգելելու պատահական վայրերում թարմ սնկի վաճառքը:
«Քանի որ փողոցներում անարգել վաճառվում է սունկը, առաջարկեցինք, որ համապատասխան մարմինների հետ կազմակերպեն սնկի կենտրոնացված վաճառք շուկայում, համապատասխան վայրում եւ սունկը բժշկի կողմից նախապես ստուգվի նոր բնակիչներին վաճառվի: Բացի դրանից փողոցում արգելվի սնկի վաճառքը: Գյուղապետերին իրազեկեն, որ պատահական վայրերից հավաքած սունկը, առանց ստուգելու չուտեն»,-ասաց Անժելա Հովհաննիսյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ