Երեկ մայրաքաղաքում ծառեր ջարդվեցին, թաղամասեր հոսանքազրկվեցին, օդում տարատեսակ ապրանքներ հայտնվեցին, խանութների սառնարանները գետնին տապալվեցին` տնտեսվարողներին պատճառելով մեծ վնասներ:
Երեւանում ու մի քանի մարզերում մոլեգնած քամին օրեր առաջ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը կանխատեսել էր, սակայն քամու ուժգնությունը սպասվածից մի փոքր ավելի է եղել:
Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, ուժեղ քամու առաջացման պատճառը եղել են Արարատի մարզի վրա ձեւավորված հզոր ամպրոպային օջախները, որոնք մարզում առաջացրել են հորդառատ անձրեւներ, որոշ հատվածներում՝ նաեւ կարկտահարություն:
Ըստ Հայաստանի գլխավոր օդերեւութաբանի՝ Երեւանը գտնվել է այդ ամպի ծայրամասում: Երբ օդային այդ երեւույթների պատճառով Արարատի մարզում ջերմաստիճանը կտրուկ իջել է` 15 աստիճանով, իսկ Երեւանում ջերմաստիճանը մնացել է գրեթե անփոփոխ` իջնելով ընդամենը 4 աստիճանով, քամին Արարատի մարզից պոռթկացել է դեպի Երեւան, այսինքն` բարձր ճնշման վայրից հոսել է ցածր ճնշման գոտի:
Լուսանկարները` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
07.06.2017