Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը՝ մարմնական հաճույքների եւ հոգիները մաքրելու մասին

Հունիս 08,2017 16:30

Պատգամավորը խորհուրդներ է տալիս ու հիշեցնում աստվածաշնչյան խոսքերը՝ իմ մարգարիտները խոզերի առաջ մի գցեք:

«Մենք ունենք 6500 եկեղեցի՝ 9 մլն հայության համար, 1450 մարդուն՝ մի եկեղեցի: Իհարկե, եկեղեցիները պետք են, սիրելիներս, բայց չափ կա, սահման կա: Այդ եկեղեցիները որ կառուցում եք, տարեկան 1.5-2 տոկոս ամորտիզացիան հաշվեք, 500 տարի հետո ո՞վ է պահելու: 6500 եկեղեցու վրա ծախսվել է 30 մլրդ դոլար, դրա տարեկան ամորտիզացիան կազմում է 400 մլն դոլար»,- նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը խորհրդարանում այսպես քննադատել էր այն հայ օլիգարխներին, որոնք եկեղեցի են կառուցում: Նա ասաց, որ օլիգարխները գնալով ծանր բեռ են դառնում մեզ համար: Ըստ Բագրատյանի՝ եթե եկեղեցի են կառուցում, ողջ ծախսը պետք է թողնեն կառուցողի վրա՝ անգամ նրա մահից հետո, ոչ թե հասարակության հաշվին այդ ամենն արվի: Եկեղեցիները ոչ աշխատատեղ են ստեղծում, ոչ հարկ են տալիս: «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նույնպես կողմնակից է, որ մարդիկ իրենց գումարն ավելի նպատակային ծախսեն. «Դա չի նշանակում, որ եկեղեցի չպետք է կառուցեն, բայց դա դարձնել կուլտ՝ չի կարելի»:

Այս առնչությամբ «Առավոտը» զրուցեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ, որը «Ամենափրկիչ» եկեղեցին է կառուցել:

«Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց ես մի բան գիտեմ՝ եկեղեցին համեմատել հարկերի հետ, կառուցել, չկառուցել… ես եկեղեցին ընդունում եմ աղոթքի տեղ, ապաշխարության տեղ՝ առ Աստված, ժամերգության եւ պատարագների տեղ, իսկ հարկերը… հավանաբար դուք շփոթում եք, խառնում եք իրար»:

Մենք վստահեցրինք, որ Հրանտ Բագրատյանը մեկ անգամ չէ, որ խոսել է եկեղեցու հարկ վճարելու մասին, Վարդան Ղուկասյանը արձագանքեց. «Եկեղեցին տնտեսության հետ կապ չունի: Այդ գումարները որ ծախսվում է եկեղեցու համար, դա այլ բան է, հոգեւոր տան մասին է խոսքը, դուք գիտե՞ք՝ ձեր մարմնի մեջ հոգին որտեղ է գտնվում: Մարդուն ասում են՝ քանի հոգի է, չէ՞, դե տեսնում ես, մենք պետք է մտածենք մեր հոգեւոր տան մասին առաջինը, հետո՝ մարմնական: Օրինակ՝ ես էդպես եմ մտածում ու ձգտում եմ դրան: Կցանկանայի, որ դուք էլ այդպես մտածեք»:

Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է դա բյուջեի հաշվին չարվի, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Պետբյուջեն դրա հետ մի կապեք: Երիտասարդ աղջիկ եք, ես ձեզ կասեի, որ դուք ավելի շատ հոգեւորին մոտենաք, քան աշխարհիկին, ու դուք ավելի լավ կապրեք, եւ ձեր վերջը բարի կլիներ»:

Երբ ճշտեցինք՝ հիմա իմ վերջը չա՞ր է լինելու՝ ուզում եք ասել, Վարդան Ղուկասյանը սկսեց խորհուրդներ տալ, թե ինչպես ավելի շատ հոգեւորին նվիրվենք, մաքրենք մեր հոգիները. «Աշխարհիկն ի՞նչ է ուզում՝ մարմնական հաճույքներ, ամեն աղտեղությունը մարմինն է ուզում, իսկ հոգեւորը, մաքրությունը ուզում է մեր հոգին, որը մեր մեջ պակասում է, որովհետեւ մենք ոչ պաս ենք պահում, ոչ աղոթք ենք անում, ոչ գիտենք՝ աղոթքն ինչ բան է, ոչ ողորմությունն ինչ բան է, ծածուկ անելը խառնում ենք իրար, դրա համար էլ այսպես է ստացվում: Ինչքան մենք մոտենանք Տիրոջը, այնքան Աստված մեզ կողորմեա, անլույսից լույս կբացվի, անհույսից հույս կբացվի: Այ, երբ որ քաղաքականությունը չխառնենք հոգեւորին, իրոք տարանջատենք ու մի քիչ էլ վախ ունենանք մեր խոսքերի մեջ՝ ամեն ինչ լավ կլինի»:

Մեր դիտարկմանը, որ Աստված ասում է՝ եկեղեցին ձեր սրտում, ձեր հոգում կառուցեք, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Դուք բողոքական եք խոսում: Այ, հիմա որ այսպես բաժանվում է ազգը բողոքականության մեջ, հիսունականներ, ավետարանչականներ, եհովայականներ, դրա համար էլ մեր վիճակն այսպես է լինում: Իսկ երբ Բարդուղիմեոս եւ Թադեոս առաքյալները տարածեցին քրիստոնեությունը Հայաստանում, նրանք մեզ ասեցին, թե մենք ինչ պիտի անենք: Գրիգոր Լուսավորիչը, Մեսրոպ Մաշտոցը, մեր բոլոր մեծերը մեզ ասեցին, թե ինչ ճանապարհով ընթանանք: Դրա համար Տիրոջ հարության տեղը տրվեց հայոց ազգին՝ Երուսաղեմում»:

Մենք հարցրինք՝ ձեր դաշինքի քաղաքական գործիչներից քանի՞սն են մարմնական հաճույքները թողած՝ հոգեւոր կյանքով ապրում, նա պատասխանեց. «Տա Աստված, որ բոլորը լինեն, ինչքան շատ լինեն, այնքան մեր վիճակը լավ կլինի: Ինչքան խղճին ծառայենք, հոգեւորը խիղճն է, ինչքան ճշմարիտ խոսենք էդ խղճի հետ կապված, ծիծաղի առարկա էլ չդարձնենք… Աստվածաշունչը, Նոր կտակարանն ասում է՝ իմ մարգարիտները խոզերի առաջ մի գցեք: Դրա համար իր խոսքերը ովքեր ընդունում են ճիշտ սկզբունքով, իրենց համար է, ովքեր չեն ընդունում՝ խոզերի համար է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

07.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930