Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը կարող է օդից փող բռնել»

Հունիս 08,2017 15:30

«Ինչ է տարանցիկ փոխադրումը` օդից բռնած փող»,- ասում է Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը: Պարոն Աղաջանյանը համամիտ չէ հաճախ հնչող այն կարծիքներին, որ Հայաստանը շրջափակման մեջ է: Իր ղեկավարած կազմակերպության օրինակով՝ Գագիկ Աղաջանյանը վստահ է, որ Հայաստանը կարող է կապող օղակը լինել հսկայական պետությունների միջեւ: Այս պրակտիկան, ըստ պարոն Աղաջանյանի, Վրաստանը վաղուց կիրառում է: Եթե, օրինակ, Հայաստանը կարողանա իրար կապել Ռուսաստանի եւ Իրանի տնտեսությունները, եւ այդ բեռնափոխադրումների ընդամենը մեկ տոկոսն անցնի հայկական տարածքով, ապա, Գագիկ Աղաջանյանը համոզված է, որ բյուջեն զգալի եկամուտներ կունենա:

Ի՞նչ պետք է արվի, որպեսզի տարանցիկ փոխադրումները Հայաստանում ավելանան. պարոն Աղաջանյանը բացատրում է այլ երկրների օրինակով եւ կարծիք հայտնում, որ ճանապարհահարկը, որը գանձվում է այլ երկրների բեռնափոխադրողներից, պետք է կա՛մ հանվի, կա՛մ նվազեցվի. «Օրինակ՝ Վրաստանում ճանապարհահարկ սահմանել են Վրաստանում գրանցում չունեցող տրանսպորտային միջոցների վրա կամ նույնիսկ նույն վրացական տրանսպորտային միջոցներին, որոնք իրենց երկրով տեղափոխում են երրորդ երկրի բեռ տարանցիկ, այսինքն` վրացին տեղափոխում է Ռուսաստանից նավահանգիստ եկած բեռը Հայաստանի համար, որի համար օգտագործում է Վրաստանի ճանապարհը: Այսինքն` վճարում է ճանապարհահարկ հայկական բեռ տեղափոխելու համար»:

Այլ երկրների օրինակը բերելով՝ պարոն Աղաջանյանն ասում է, որ դրական է, երբ ճանապարհահարկը ֆիքսված թիվ է լինում եւ կախված չէ կիլոմետրից:

Ըստ Գագիկ Աղաջանյանի՝ օրինակ, Հայաստանը եւ Վրաստանն իրար ազատել են ճանապարհահարկերից: Սակայն Իրանն ու Հայաստանը միմյանց ճանապարհները բեռնափոխադրման նպատակով օգտագործելու համար դեռ հարկեր վճարում են: Գագիկ Աղաջանյանի խոսքով՝ օրինակ, իրանցի բեռնափոխադրողի համար 300 դոլար տարանցման գումարը, որը որպես ճանապարհահարկ է գանձվում, «չափազանց մեծ գումար» է:

Հատկապես, որ Իրանն ունի Ադրբեջանով տարանցիկ անցնելու այլընտրանքային ճանապարհ, եւ չնայած ադրբեջանական ճանապարհը երկար է, սակայն հարթ է, եւ մեքենաներն այնպես չեն վնասվում, որքան Հայաստանի բարդ ռելիեֆով անցնելիս:

Պարոն Աղաջանյանն ասաց, որ Դաղստանում տեղի ունեցած մի միջադեպն առիթ է դարձել, որպեսզի բեռնափոխադրողների համար վերանայվեն ճանապարհի հարկերը, եւ Ադրբեջանը, տեսնելով, որ այդ հարկերից ինքը տուժում է, ընդհանրապես հանել է: Այդուհանդերձ, այդ երկրի տարածքով անցնելու պարագայում, ըստ պարոն Աղաջանյանի, բեռնափոխադրողները ստիպված են կոռուպցիոն գործարքների գնալ, քանի որ Ադրբեջանի տարածքով հատկապես ավտոփոխադրումները եւ ավտոփոխադրումների շուկան եւ ոստիկանական համակարգը, մաքսային ծառայությունները, ֆիտոսանիտարիան «չափազանց կոռումպացված են»: Սակայն մեր երկրի համեմատությամբ Ադրբեջանի ճանապարհները հարթ են. «Նման ճանապարհ անցնելու դեպքում մեքենայի կյանքը 50 տոկոսով կարճանում է: Այդ բարձրանալ իջնելը մետաղի վրա ճնշում է, որը բերում է միկրոճաքերի եւ հետո ճաքերի, եւ մեքենան սկսում է քանդվել: Ադրբեջանի տարածքի ճանապարհները անհամեմատ ավելի հեշտանցանելի են: Ցանկացած ավտոփոխադրող կհավաստի, որ մարդիկ գերադասում են գնալ թեկուզ կիլոմետրաժով ավելի երկար, բայց հարթավայրային տարածքով, քան լեռներով, շրջադարձերով, որոնք մենք օգտագործում ենք»:

Ինչ վերաբերում է մեր երկրի` իրանական բեռնափոխադրողների համար ճանապարհային հարկը հանելուն, ապա Գագիկ Աղաջանյանի խոսքով.

«Նրանցից գանձում ենք եւ փոխարենն ի՞նչ ենք առաջարկում` քանդված ճանապարհնե՞ր, այ, երբ որ կունենանք ճանապարհ, այդ դեպքում կասենք` ճանապարհ եմ կառուցել, օգտվում ես` վճարիր: Պետք է շնորհակալություն ասենք, որ մեր տարածքով իրանցի բեռնափոխադրողներն անցնում են»:

Գագիկ Աղաջանյանն ասաց, որ նախկինում մաքսային օրենսդրությունն էլ է խոչընդոտել ոլորտի զարգացմանը, սակայն ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում այն համապատասխանեցվել է ԵՏՄ օրենսդրությանը, եւ բավականին լավ վիճակում ենք հայտնվել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

07.06.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930