Նոր Խարբերդի մի մասում ո՛չ խմելու ջուր կա, ո՛չ լույս, ո՛չ ասֆալտ
Նոր Խարբերդ թաղամասը թեեւ Երեւանի մաս է կազմում, Շենգավիթ վարչական շրջանում է գտնվում, սակայն թաղամասի որոշ հատվածներ կարծես քաղաքակրթությունից կտրված լինեն, հեռավոր, խուլ գյուղի տպավորություն են թողնում: Քաղաքային իշխանություններն այն աստիճան են անտեսել այս թաղամասի որոշ փողոցներ, կարծես այդտեղ մարդ չի բնակվում:
Նոր Խարբերդի 16-րդ փողոցի վերջնամասում եւ էլի այլ հատվածներում ո՛չ լուսավորություն կա, ո՛չ ասֆալտ, ոչ էլ խմելու ջուր:
Բնակիչները պատմում են, որ 5-6 տարի առաջ Նոր Խարբերդի 16-րդ փողոցում քաղաքապետարանի ԾԻԳ-ի եւ մեկ այլ կազմակերպության միջոցներով խմելու ջրի ջրագիծ է անցկացվել, սակայն այդ խողովակաշարը մինչեւ փողոցի վերջ չեն հասցրել: Այն ժամանակ պատճառաբանել են, որ գումարն ավարտվել է, չեն կարողացել ջրագծերը հասցնել 16-րդ փողոցի ձախակողմյան հատվածը, բայց խոստացել էին՝ «առաջիկայում դա էլ կանենք»: Այդ խոստացած «առաջիկայում»-ից արդեն 5 տարի է անցել, բնակիչներն ում ասես՝ դիմել են, ոչ մի արձագանք:
Հետո, ինչպես մեզ հետ զրույցում պատմում են բնակիչները, որպեսզի խմելու ջուր ունենան իրենց ուժերով, թաղապետարանի տրամադրած տրակտորով ու ինչ-որ թեկնածուի տրամադրած խողովակներով մոտ 120 մետր ջրագիծ են անցկացրել, փորձել են միացնել ԾԻԳ-ի քաշած ջրագծին: Սա, ըստ բնակիչների, խնդրի ժամանակավոր լուծում էր. խողովակների տրամաչափը նեղ էր, ջրի ճնշումը չի բավականացնում, որպեսզի ջուրը տեղ հասնի:
«Խողովակները քաշեցինք, մեկին գծատեր դարձրին, մի հատ հաշվիչ դրեցին, որ գումարները հավաքեն տան «Վիոլա»-ին: Ջուրը նոյեմբերի 15-ից մինչեւ մայիսի 10-ն է լինում, այն էլ՝ 3 ժամ առավոտյան, 3 ժամ էլ երեկոյան, իսկ ոռոգման թեժ սեզոնին ջուր ընդհանրապես չի լինում: Եղած ջուրն էլ փախնում է ձորի կողմը, ճնշում չկա: Տներ կան, որ ջուրը նորմալ հասնում է, բայց փողոցի ձախ կողմի տները «քաշված են», ջուր չի հասնում, իսկ էն մասն էլ, որ հասնում է, մարդիկ կան՝ էդ խմելու ջրով այգին են ջրում: Խմելու ջուրը խանութներից ենք գնում, էն ձորում ջրի գիծ կա, վրան ծորակ է դրված, էնտեղից ենք կրում ջուրը, բայց դա էլ 300-400 մետր հեռու է մեր փողոցից: Փոքր երեխաներ կան, ծերեր կան, ճաշ պետք է եփենք, լողանանք, իսկ քանի որ ջուր չկա, կամ էլ փողով գնում ենք ջուրը, ստիպված խնայողաբար ենք խմում ու օգտագործում: Էս դարում առանց խմելու ջրի, պատկերացնո՞ւմ եք, այն դեպքում, որ ընդամենը 60 մետր ջրագիծ է պետք քաշել»,- ասում են բնակիչները: Նրանց պատմելով՝ դիմել են նաեւ Հայաստանում ջրի, այսպես ասած, սպասարկման միակ ընկերությանը՝ «Վիոլա»-ին, սակայն այստեղից պատասխանել են, որ իրենք չեն կարող ջրագիծ անցկացնել, եթե այլ կազմակերպություն այդ հարցը հոգա, ապա իրենք կարող են ստանձնել սպասարկումը:
Բնակիչներն ասում են՝ իրենց անգամ նախընտրական շրջանում չեն հիշել, անտեսել են, որեւէ մեկը չի երեւացել ու ոչ մի խնդրի հետ չի ծանոթացել:
Խմելու ջրի խնդիրը, բնակիչներից մեկի պատմելով, հնարավոր է լուծվի, Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցը խոստացել է այցելել տարածք, խնդրին տեղում ծանոթանալ. «Հույս ունենք՝ խոստումը կկատարեն, այսինքն՝ վերջապես ջրագիծ կանցկացնեն, տեսնենք»:
Բնակիչների բարձրացրած մյուս խնդիրը ճանապարհներին է վերաբերում. ասում են՝ ասֆալտապատումն էլ կիսատ-պռատ է արված. Խարբերդի առաջնամասում՝ երեւացող հատվածում ճանապարհն ասֆալտապատ է, մնացած մասը՝ քարուքանդ վիճակ: «Երբ շտապօգնություն ենք կանչում,՝ չեն կարողանում մեր հատված հասնել: Տաքսի ենք կանչում, վարորդն ասում է՝ «մի 150 մետր բարձրացեք վերեւ, ձեր մասերը չեմ կարա մտնեմ, ճամփա չկա»,- պատմում են բնակիչները:
Իսկ երեկոյան ժամերին Նոր Խարբերդի մի մեծ հատված մթության մեջ կորում է. բնակիչներն ասում են՝ սյուները կան, բայց էլեկտրալարեր չեն անցկացնում. «Դրա եղածն ինչ է, որ չեն անում: Բոլորս «բատարեյկաներով ենք» ման գալիս: Ինչի՞, մենք մարդ չե՞նք, ո՛չ նորմալ ճանապարհ ունենք, ո՛չ լուսավորություն, ո՛չ խմելու ջուր: Երեւանի մեջ ենք մտնում, բայց կանգառներում մի հատ ծածկ չկա, որ մարդիկ արեւից ու անձրեւից պաշտպանվեն, կանգառներում մի հատ նստարան չկա: Ոչ դպրոց կա, ոչ մանկապարտեզ: Երեխաներին մանկապարտեզ չենք կարողանում տանել: Դպրոցն էլ՝ երեխաներին առավոտ շուտ, ժամը 7-ին 7:30-ին քնաթաթախ, քունն աչքներին տանից հանում ենք, որ կայարան հասնենք, հետո էնտեղից էլ մի հատ ուրիշ տրանսպորտ նստեն ու հասնեն դպրոց: Բայց փոխարենը ոստիկանական հենակետ են նոր բացել: Սովետական տարիներին մեր թաղամասը ամառանոցային էր համարվում: Բայց սովետից հետո, հատկապես էս վերջին տարիներին, այլեւս ամառանոցային չի, Երեւանի մյուս թաղամասերի պես՝ մարդիկ մշտական են բնակվում»:
Դեռ 2015 թվականին այս թաղամաս էր այցելել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. այն ժամանակ քաղաքապետարանը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել եւ վստահեցրել՝ «Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոստման համաձայն, 2013 թվականից Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում մեկնարկեցին կենսական անհրաժեշտության նոր ենթակառուցվածքների ստեղծման, եղածի վերականգնման ու բարեկարգման բազմաբնույթ, լայնածավալ աշխատանքներ»: Այս նույն հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Նոր Խարբերդում 8000 բնակիչ կա, եւ էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով տեղադրվել է 95 նոր հենասյուն, կառուցվել է ենթակայան, թարմացվել եւ հզորացվել է 8 կմ հաղորդալար։ Կառուցվել է 2.2 կմ խմելու նոր ջրագիծ, բարելավվել են ջրի որակը եւ ջրամատակարարման տեւողությունը: Քաղաքապետարանը նաեւ վստահեցրել էր՝ «Զեկուցվել է նաեւ, որ քառամյա ծրագրի շրջանակում լուծվել է թաղամասի 8 փողոցների ասֆալտապատման եւ բարեկարգման, 6 փողոցների արտաքին լուսավորության խնդիրը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հետեւողականորեն շարունակել աշխատանքները՝ թաղամասի բնակիչներին խոստացած բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար»:
Այս հանձնարարությունից հետո Տարոն Մարգարյանը ոտք չի դրել այդ թաղամաս՝ համոզվելու, թե իր հանձնարարականները կյանքի կոչե՞լ են: Իսկ թե ինչպես են քաղաքապետի հանձնարարությունը կատարել՝ վկայում են Նոր Խարբերդի 16-րդ փողոցի եւ հարակից փողոցների քարուքանդ ու անլույս ճանապարհներն ու առանց խմելու ջրի տները:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.06.2017