Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արգինե Հայրապետյանի հետ
– Վերջին շրջանում դատարաններում նկատելիորեն աճել են երեխաների տեսակցությունների, ծնողների ամուսնալուծությունների, ալիմենտների պահանջով դատական քննությունները: Նկատելի են նաեւ, թե ինչպես են քաղգործերին զուգահեռ աճում քրեական գործերը՝ ծնողների իրավունքների իրացման ճանապարհին: Մայիսի 31-ին Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում փեսան դանակահարեց աներոջը՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Դուք նույնպես անմասն չեք նման գործընթացներից: Ի՞նչ է կատարվում, ի՞նչ եք կարծում՝ պատճառը որն է:
– Խնդիրն ավելի խորքային է: Արդեն որերորդ տարին է, ինչ ես հետեւում եմ այս գործընթացներին: Շատ վատ տենդենց եմ նկատում: Նկատում եմ, որ սխալ, տարիներ շարունակ հետաձգվող, ոչ ճիշտ դատավարություններ անցկացնելու հետեւանքով մարդիկ ստիպված են ինքնուրույն լուծել իրենց միջեւ առկա հարցերը, երեխաների տեսակցության, նրանց խնամքի, դաստիարակության, ինչի հետեւանքով տեսնում ենք բազմաթիվ դանակահարություններ, վիճաբանություններ, դաժան վերաբերմունք, ծեծ՝ հոր, մոր, երկու ընտանիքների անդամների միջեւ: Մենք ծայրահեղ եզրագծին ենք հայտնվել: Որքան մահ պետք է լինի, որքան դաժան վերաբերմունք, որպեսզի մենք վերանայենք մեր օրենսդրությունը՝ տեսնելու համար բացթողումները: Այսինքն, ստացվում է, որ այդ բացթողումների հետեւանքով են մարդիկ արժանանում նման ծայրահեղ վիճակի, երբ ծնողները չեն կարողանում կիսել իրենց երեխաներին: Արդյունքում ունենք այն՝ ինչ ունենք:
– Ունենք արտադատարանական վիճակ էլ:
– Մարդիկ փորձում են արտադատարանական կարգով լուծել թե ալիմենտի, թե երեխաների տեսակցության կարգը: Չի ստացվում: Դիմում են խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին, որոնք կայացնում են որոշում երեխաների տեսակցության կարգի վերաբերյալ, սակայն դա էլ արդյունավետ չի, քանի որ այդ մարմինը չունի կատարման փուլ: Նրանք կայացնում են որոշում, որը մնում է թղթի վրա, խնամակալության եւ հոգաբարձության մարմինը ոչինչ չի կարող անել: Կողմերից մեկը, ում փաստորեն զրկել են երեխայի հետ տեսակցելու իրավունքից, կամ ով ալիմենտ չի վճարում, դիմում է մյուս կողմին, այդ ժամանակահատվածում գործը մտնում է դատարան: Ի՞նչ է կատարվում դատարաններում: Մենք կորցնում ենք ժամանակը:
Երեխաների դեպքում սա անթույլատրելի է, սա դաժան վերաբերմունք է: Ինչպես կարող ենք պատկերացնել, երբ երեխան տարիներ շարունակ տեւող դատական գործընթացի ժամանակ չի շփվում ծնողներից մեկի հետ, չի ստանում ալիմենտ: Վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, ԴԱՀԿ-ն կատարողական թերթիկով մի օր կարողանում է երեխայի տեսակցության կարգն ապահովել եւ բռնագանձել վերջապես ալիմենտը:
– Դուք օրենսդրության հետ կապված, խնամակալության եւ հոգաբարձության մարմնի վերաբերյալ դիմել էիք անհատ պատգամավորների, նաեւ ձեր գործընկերներին: Ի՞նչ ելք էիք առաջարկել:
– Եթե երեխայի տեսակցության կարգը սահմանվի հայտը ներկայացնելու առաջին իսկ օրվանից, դատական գործընթացը չի խանգարի: Սակայն հանձնաժողովների աշխատաոճն ու աշխատանքը դա առանձին քննարկման առարկա է:
Կարծում եմ, որ հոգաբարձության եւ խնամակալության մարմնի եզրակացության մեջ պետք է պարունակվեն պարտադիր տվյալներ. իրարից անջատ ծնողների դեպքում ուսումնասիրվի, վերցվի առողջության վերաբերյալ տեղեկանք, մասնավորապես, վարակիչ հիվանդությունների, թմրամիջոցից, ոգելից խմիչքներից կախվածության մասին: Նրանք կարող են դիսպանսերից թուղթ բերեն, որ գրանցված չեն, բայց իրականում լինեն կախվածություն մեջ: Ցանկալի կլիներ, որ այդ տեղեկանքը վերցվի ծնողների բնակության վայրի բուժհաստատությունից: Օրենքը կկարգավորի:
Հոգեբուժարանից նույնպես անհրաժեշտ է տեղեկանք: Ես ունեցել եմ մի վստահորդ, հիվանդ հայր, որը գարնանը՝ սրացումների ժամանակ, երեխային տեսակցության տանելիս մեծ արագությամբ էր վարում մեքենան, որն ամեն վայրկյան հղի էր դժբախտ պատահարներով: Նա գրանցված էլ չէր: Յուրաքանչյուր գործով հոգաբարձության մարմինը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի:
Բացի դրանից, եզրակացությունը պետք է պարունակի իր մեջ բազմապիսի ուսումնասիրություն հոր եւ մոր վարքագծի վերաբերյալ:
– Արգինե, այդ ամենը չի՞ դիտվի միջամտություն անձնական կյանքին, բուժգաղտնիք պարունակող տեղեկությունների սպրդում:
– Մասամբ համամիտ եմ բուժգաղտնիք պարունակող տեղեկությունների հետ: Բայց ընդունենք այսպիսի վիճակ. մենք տուբերկուլյոզ վարակիչ հիվանդությունով հիվանդին վստահում ենք երեխա՞. գուցե այդ ընտանիքի փոխհարաբերությունների սրման պատճառը դա՞ է եղել: Այդպիսի դեպքերում, եթե կողմերից մեկը ասում է՝ գիտեք, իր հետ հնարավոր չի ապրել, քանի որ նա թմրամոլ է, հիվանդ է, հոգաբարձության եւ խնամակալության մարմնին իրավունք վերապահենք, որ նա պահանջի տեղեկանքը: Այսինքն, կողմերից մեկի միջնորդության դեպքում պահանջվի բժշկական տեղեկանք:
– Ի՞նչ ես կարծում, եզրակացությունը ազդո՞ւմ է դատական ակտի վրա: Մանավանդ, «հեռակա», ձեւական դիտարկումներն ու ձեւակերպումները շատ են:
– Նման տիպի շաբլոն եզրակացություններն անիմաստ են. հանձնաժողովներն անիմաստ են:
Հանձնաժողովը, եթե ուսումնասիրի դպրոց հաճախելու, սպորտի, այլ նախասիրությունների հնարավորությունը, հարմարավետությունը, պայմանները, հաշվի առնի առողջության, բարոյական կողմի վերաբերյալ մոր եւ հոր անձնական տվյալները, եզրակացությունը արդյունավետ կլինի: Նրանք բացարձակապես եզրակացության հիմքում ոչինչ չեն դնում, անգամ բնութագիր չեն դնում: Մենք ենք սեփական նախաձեռնությամբ հանձնաժողով տանում մեր վստահորդների բնութագրերը: Եթե սեփական նախաձեռնություն չեն ցուցաբերում, ապա ինչի հիմա վրա է ուսումնասիրություն արվում: Կարծրատիպերը պետք է փոխվեն, կոտրվեն: Ինչ է նշանակում տասը տարին լրացած երեխայի կարծիքը լսելը: Հոգեբանի ներկայությամբ լսեք նաեւ երեք տարեկան երեխային, հարցրեք, այսինքն, ինչու տասը տարին լրացածին կարող են տանել, հարցաքննել: Իսկ եթե երեխան չի ցանկանում գնա ոչ դատարան, որ խնամակալության եւ հոգաբարձության մարմին: Ուժ գործադրե՞ն: Դա ճիշտ չէ:
– Դատարանն իրավասո՞ւ է տասը տարին լրացած երեխային կանչել դատարան:
– Դատարանն իրավասու է լուծելու իր սեփական հայեցողությամբ, ներքին համոզմամբ, ինչքան էլ տեղեկանքներ, գրություններ ուղարկվեն դատարան: Կարող է երեխան գա, մայրը վախեցրած լինի, թե՝ կասես ինձ մոտ ես մնալու, թե չէ՝ կծեծեմ քեզ, երեխան գա, ասի՝ ցանկանում եմ մորս մոտ մնալ: Դա ճիշտ չի: Անկախ ամեն ինչից, դատարանն իր ներքին համոզմամբ կայացնում է իր վճիռը: Որովհետեւ դատարանը հարցեր տալու ընթացքում, այնուամենայնիվ, հասկանում է, համոզվում, թե իրո՞ք երեխան մորից վախեցավ, իրո՞ք ուզում է մոր մոտ մնալ, թե՞ ոչ: Ու վճռի հիմքում դնում է այդ ամբողջը:
– Տխուր ավանդույթ է դարձել, երբ ծնողներից մեկը չի ներկայանում հոգաբարձության եւ խնամակալության հանձնաժողովի նիստին: Ի՞նչ անել:
– Դա աբսուրդ է: Ծնողն ինքը պետք է շահագրգռված լինի նիստին, նաեւ դատական նիստին ներկայանալու համար: Եթե ծնողը շահագրգիռ է, կապ չունի՝ երեխան ում մոտ է, երեխայի շահերից ելնելով պարտավոր է ներկայանալ ու եթե անտեսում է խնամակալության եւ հոգաբարձուների մարմնի նիստը, նշանակում է, որ առաջին հերթին ի սկզբանե անտարբեր է սեփական երեխայի նկատմամբ:
Ընտանեկան օրենսգրքի համաձայն, անչափահաս երեխաների համար նրանց ծնողներից ալիմենտ բռնագանձվում է հետևյալ չափով. մեկ երեխայի համար` ծնողների վաստակի (եկամտի) մեկ քառորդը, երկու երեխայի համար` մեկ երրորդը, երեք և ավելի երեխաների համար` կեսը, բայց յուրաքանչյուր երեխայի համար ամիսը նվազագույն աշխատավարձի 20 տոկոսից ոչ պակաս:
Երբ դատարանում ապացուցվեց, թե ծնողն ինչքան է ստանում, հաշվի առնելով, որ արդեն իսկ բռնագանձվել է յուրաքանչյուր երեխայի համար ամեն ամիս՝ կայուն քսան հազար դրամը, հետագայում կարող է վերահաշվարկ անել: Երեխաների իրավունքները գոնե օրենքով կապահովվի՝ սնվելու գումարը, հագնելու, հետո արդեն ինչ կհաշվարկի դատարանը, կտրվի դատական վճռից հետո: Այդ ձգձգվող դատական գործընթացներն էլ չեն ազդի:
Ընդունենք դատարան դիմած ծնողներից մեկը քառասուն հազարի ալիմենտի բռնագանձման հայցով մտել է դատարան: Պրոցեսը տեւում է երեք տարի: Երեք տարի, գումարած քառասուն հազար դրամ, ճիշտ չէ: Թող քսան հազար դրամն առաջին իսկ օրվանից ամեն ամիս գանձվի, հետո արդեն վերահաշվարկի ժամանակ մնացած չվճարված մասը տան:
Մեզ համար կարեւորը երեխայի շահն է, չէ՞:
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.06.2017