Հայկական հին բաղադրատոմսերից փիփերթով ապուրը հայտնի է եղել որպես անփոխարինելի բուժամիջոց գլխացավերի, անքնության, ստամոքս-աղիքային բորբոքումների ժամանակ: Բացարձակապես չունի որեւէ վնասակար հակազդեցություն:
Հայկական խոհանոցում եւ ժողովրդական բժշկության մեջ փիփերթը հայտնի է դեռեւս 10-րդ դարից: Բույսի բուժիչ նշանակությունն ընդգծել է նաեւ 11-րդ դարի պատմիչ եւ փիլիսոփա Գրիգոր Մագիստրոսը:
Ապուրը պատրաստելու համար անհրաժեշտ է 400 գրամ փիփերթի կանաչ զանգված, գլուխ սոխ`150 գրամ, գետնախնձոր` կարելի է նաեւ կարտոֆիլ` 150 գրամ, ձեթ` 150 գրամ, մարվանդակի` նեխուրի ցողուններ` 40 գրամ, խառը կանաչի` 20 գրամ չորացրած ծոթրին` 5 գրամ, կռատուկի ցողուն` 15 գրամ, խաշած հավկիթ` 2 հատ, աղ, կարմիր քաղցր պղպեղ:
Պատրաստման եղանակը: Մանր կտրտած փիփերթը լցնել 2 լիտր եռացող ջրի մեջ, 15 րոպե հետո ավելացնել լվացած, մաքրած եւ կտրատած գետնախնձորը, կամ կարտոֆիլը, նեխուրի ու կռատուկի կտրատած ցողունները, թողնել եռա եւս 20 րոպե: Այնուհետեւ ավելացնել աղը, աղացած կարմիր քաղցր պղպեղը, թարմ կանաչին, մանր կտրտած խաշած հավկիթները:
Առանձին փոքր ամանով կարելի է մատուցել սերուցք կամ թթվասեր:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
07.06.2017