«Ոսկե ծիրան» Երեւանի 14-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային խաղարկային ժյուրիի կազմում է կոլումբիացի ռեժիսոր Սիռո Գեռան: Նրա «Օձի գրկում» ֆիլմը «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնում ճանաչվել էր լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ եւ արժանացել «Ոսկե ծիրանի»:
Այն ներկայացնում էր ամազոնյան շաման Կարամակատեի, Հյուսիս-արևելյան Ամազոն մեկնած երկու գիտնականների առաջին շփման, հանդիպման, մերձեցման, դավաճանության և մինչև մահ ձգված ընկերության էպիկական պատմությունը:
Տարբեր հարցազրույցներում ռեժիսորը խոստովանել է, որ այս ֆիլմը նկարելիս իր համար ամենամեծ դժվարությունը կինոպատումի եվրոպական ավանդույթների եւ հնդկացիների աուտենտիկ մտածողության առանձնահատկությունների համատեղումն էր:
Ռեժիսորը քանիցս ասել է, որ չի ընդունում իր ձեռագրին քննադատների կողմից տրված մոգական ռեալիզմ բնորոշմանը. «Այդ ոճը բնորոշ է Մարկեսին եւ կոլումբիական գրականության մյուս ներկայացուցիչներին: Իսկ իմ ոճն ավելի շատ պոետիկ ռեալիզմ է»
Ճակատագիրը բավականին երես է տվել Սիռո Գեռային: 21 տարեկանում նա չորս մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմ ստեղծելուց հետո սեփական սցենարով նկարահանել է «Թափառող ստվերներ» առաջին լիամետրաժ ֆիլմը, որն արժանացել է Սան Սեբաստիանի, Թուլուզի, Մար դել Պլատայի, Տրիեստի, Հավանայի, Կիոտոյի, Կարթախենայի, Սանտյագոյի և Վարշավայի միջազգային կինոփառատոնների մրցանակին, ներկայացվել ավելի քան 60 կինոփառատոնում (Թրայբեքա, Լոկառնո, Սեուլ, Պեզարո, Սիեթլ, Համբուրգ, Կալկաթա, Ռիո դե Ժանեյրո, Ստամբուլ, Գվադալախարա և այլն): Գեռայի երկրորդ ֆիլմը՝ «Քամու ճամփորդությունները», 2009-ին ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի պաշտոնական մրցույթում: Ֆիլմն էկրան է բարձրացել 17 երկրում և ցուցադրվել 90 կինոփառատոնում, ընդ որում՝ Թորոնթոյում, Ռոտերդամում, Սան Սեբաստիանում, Հոնկոնգում, Երուսաղեմում ու Լոնդոնում, մրցանակների արժանացել Կաննում, Սանտա Բարբարայում, Մալագայում, Սանտյագոյում, Բոգոտայում և Կարթախենայում:
Պատրաստեց` Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ