Իրանագետ Էմմա Բեգիջանյանի դիտարկմամբ, Իրանում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունը Ռամադանի հետ է պայմանավորված:
«ԴԱԻՇ-ը ամեն տարի Ռամադանին աշխատում է որքան շատ արյուն զեղի, անցած Ռամադանին էլ հինգ հազար հոգի տարբեր երկրներում ահաբեկչական գործողություններ են կատարել»,- ասաց իրանագետը՝ նկատելով, որ Իրանում առ այսօր ահաբեկիչները չէին կարողացել ներս թափանցել, իսկ հարձակվելու ծրագիրը հիմնականում երկրի արեւելյան սահմաններից են պլանավորել. «Ոչ մի երկիր իսլամական խալիֆայության հարձակումներից չի կարող ապահովագրված լինել: Ռամադանին պլանավորած ծրագիրը հրապարակելիս հայտարարել էին, որ Իրանն էլ է թիրախ դառնալու ու փաստորեն կարողացան իրագործել»:
Իրանագետի խոսքով, Հայաստանն էլ պետք է լուրջ վերահսկողություն իրականացնի սահմաններին. «Եթե ուշադիր չլինենք մուտք գործող մարդկանց նկատմամբ, ամեն ինչ հնարավոր է, ոչինչ չես կարող բացառել»:
Տիկին Բեգիջանյանի կարծիքով, Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության ձեռագիրը մի քիչ տարբերվում էր ԴԱԻՇ-ի մյուս գործողությունների ձեռագրից, ամենայն հավանականությամբ, նպատակ չեն ունեցել շատ զոհեր տալու, հակառակ դեպքում, ըստ իրանագետի, ահաբեկչությունը կիրականացնեին Թեհրանի շուկայում, որտեղ մարդաշատ է. «Դաիշականները նպատակ են ունեցել այնպիսի տեղեր խոցեն, որոնք խոցելի չեն համարվում, այդ պատճառով ընտրել են խորհրդարանն ու դամբարանը: Իրենց ուղերձում էլ նշել էին, որ կարող են Իրանի սունիներին հրահրել, որ ապստամբեն, ինչը անհավանական է, որովհետեւ Իրանում սունիները փոքր թիվ են կազմում ու ազդեցիկ չեն՝ ի տարբերություն մյուս աղանդների»:
Թեհրանում տեղի ունեցածից ամենակարեւորը, տիկին Բեգիջանյանի արձանագրմամբ այն էր, որ չնայած ահաբեկչությանը՝ խորհրդարանում նիստը շարունակվել է, այսինքն. «Այդ պայմաններում էլ կարող են խորհրդարանի անվտանգությունն ապահովել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ