«Անկախ դիտորդ» նախաձեռնության խոսնակ Դանիել Իոաննիսյանը չի բացառում, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի փոփոխությունը կապված լինի մի շարք մանկապարտեզների ու դպրոցների տնօրենների հայտնի ձայնագրության պատճառով:
«Միգուցե սրանով ուզում են ցույց տալ՝ տեսեք մենք փորձում ենք պատժել չինովնիկներին, որոնք ներգրավված են վարչական ռեսուրսի չարաշահման մեջ, բայց, ամեն դեպքում, եթե դա արվեր այդ նպատակի համար, ինչը շատ եմ կասկածում,ամեն դեպքում շատ անհաջող մարդ է նշանակվել, մարդ, որը ավագանու ընտրությունների ժամանակ փորձել է ապօրինի գործունեությամբ զբաղվել, բռնվել է կեղծ դիտորդություն անելիս»,- ասաց Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի նշանակմանը:
Դանիել Իոաննիսյանի խոսքով, նորանշանակ պետը՝ Աննա Ստեփանյանը, ավագանու ընտրությունների հեռացվել է տեղամասից կեղծ դիտորդություն կատարելու համար. «Դա ուղղակի Ընտրական օրենսգրքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, Ընտրական օրենսգրքի գիտակցված խախտում»:
Աննա Ստեփանյանը Երևանի ավագանու ընտրությունների օրը Երևանի ընտրատեղամասերից մեկում հանդես էր եկել որպես դիտորդ։ Դանիել Իոաննիսյանը պարզել, էր որ նրա անունը չկար գրանցված դիտորդների ցուցակում, և փաստորեն նրա դիտորդական վկայականը կեղծ էր։ Աննա Ստեփանյանը պնդել էր, որ իր վկայականը կեղծ չէ, սակայն այդպես էլ չէր բացատրել, թե ինչպես է պատահել, որ իր անունը չկա ԿԸՀ-ում։
Այն, որ Աննա Ստեփանյանը ԿԸՀ-ում հավատարմագրված չի եղել, բայց դիտորդություն է արել, Դանիել Իոաննիսյանի խոսքով, հաստատել է նաեւ Տիգրան Մուկուչյանը. «Ինձ հետ զրույցում դա հաստատեց նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ում ես զանգեցի հայտնելու դրա մասին, նա ստուգեց ու համոզվեց, որ այդ խնդիրը կա, ԿԸՀ-ից տեղամասի նախագահին զանգեցին, ասացին, որ դիտորդին պետք հեռացնեն, որովհետեւ նա գրանցված չէ: Աննա Ստեփանյանին հեռացրին, ու նա գնաց, նստեց մի թանկանոց մեքենա ու հեռացավ»:
Մեր զրուցակցի խոսքով, կազմակերպությունը, որը ներկայացնում էր Աննա Ստեփանյանը «Կրթություն և մշակույթ» կազմակերպությունն էր, որի ներկայացրած դիտորդները համարյա բոլոր տեղամասերում հավատարմագրված չեն եղել. «Հենց տեսնում էինք այդ կազմակերպությունից որեւէ մեկին, սկսում էինք ստուգել՝ հավատարմագրված է, թե՝ ոչ:
Որեւէ դեպք չեղավ, որ սխալվենք, ու պարզվի՝ հավատարմագրված են: Այդ կազմակերպության բազմաթիվ դիտորդներ բազմաթիվ տեղամասերում զբաղված էին ընտրողներին ուղղորդելով, ընտրողներին տանել-բերելով, թեեւ հենց Աննա Ստեփանյանին չհասցրինք տեսնել այդ գործի վրա, բայց իր ներկայացրած կազմակերպության համարյա բոլոր դիտորդները ՀՀԿ-ի շահերը առաջ մղելով էին զբաղված »:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ