Հունիսի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Նեզահաթ Գյունդողանի «Վանքի երեխաները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի պրոդյուսերն է Քյազըմ Գյունդողանը: Ֆիլմի երեւանյան ցուցադրությանն իրենց աջակցությունն ու մասնակցությունն էին ցուցաբերել Արագած Ախոյանը եւ Արեւմտահայերի ազգային կոնգրեսը:
Սա Գյունդողանների 4-րդ ֆիլմն է, որ պատմում է կոտորած տեսած հայերի ողբերգության մասին: Ֆիլմի հերոսները պատմում են իրենց հայկական արմատների, ծնողների ողբերգության ու ճարահատ կամ բռնի ինքնությունը թաքցնելու մասին: Ոմանք նեղսրտում են, որ, երբեմն, քրիստոնյա հայերը իրենց հավասարի նման չեն վերաբերվում:
2004-ից ի վեր ամուսինները Դերսիմի պատմության, մշակույթի վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացնում, ֆիլմեր պատրաստում ու գրքեր գրում:
Առաջին վավերագրական ֆիլմը` «Եթե Մնձուրը չհոսի» վերաբերում է Դերսիմում պետության կառուցած ջրամբարներին ու դրանց ազդեցությանը տեղի բնության, մշակութային արժեքների ու հասարակական կյանքի վրա:
Երկրորդ ֆիլմը Թուրքիայում 72 տարի անց Դերսիմի ցեղասպանությունը օրակարգ բերող եւ այս թեմայի շուրջ քննարկումների առիթ հանդիսացած «Դերսիմի կորուսյալ աղջիկները» վավերագրական ֆիլմ է:
Երրորդ ֆիլմը կոչվում է «Hay Way ժամանակ», այն վերաբերում է Դերսիմի կոտորածներից հետո հանրության հիշողության կորստին եւ պատասխանատուների խոստովանության, նաեւ պատմության հետ առերեսվելու գործընթացին:
«1915թ ցեղասպանությունից հետո Դերսիմում ապրող հայերը 1937-38 թթ Դերսիմի ցեղասպանության ժամանակ նույնպես կոտորվեցին…1915թ. Դերսիմի ցեղասպանությունն առաջինն էր, 1937-38 թթ տեղի ունեցածը երկրորդ ցեղասպանությունն էր, մենք որպես կինոգործիչներ Դերսիմի ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ ենք իրականացնում:
Օրինակ, «Դերսիմի կորուսյալ աղջիկները» ֆիլմում պատմում ենք, թե ինչպես են աղջիկներին պոկել իրենց արմատներից, իսլամացրել ու թրքացրել: Եվ, բնականաբար, մեծ պակաս կլիներ, եթե Դերսիմի ցեղասպանության մասին նյութեր պատրաստելիս չանդրադառնայինք հայերի ցեղասպանությանը: «Վանքի երեխաները» վավերագրական ֆիլմում ներկայացնում ենք 1937-38 թթ Դերսիմի հայերի գլխին եկած դժբախտությունները: Ուզում եմ նշել, որ սա կարեւոր վկայություն է պատմական իրադարձություններին լույս սփռելու առումով»,-նշեց Քյազըմ Գյունդողանը:
Նեզահաթ Գյունդողանն էլ հավելեց, որ անչափ հուզված է. «Գրեթե 5 տարվա աշխատանքի արդյունք է այս ֆիլմը: «Վանքի երեխաները» ձեզ հետ միասին դիտելը մեծ պատիվ եմ համարում; Այն պատմությունները, որոնք լսել ենք մեր մեծերից, եւս մեկ անգամ քահանայի թոռների պատմածներով ձեզ հետ միասին «կկիսենք»: Ցուցադրությանը ներկա էր նաեւ «Անատոլու կուլտուր» հիմնադրամի նախագահ Օսման Կավալան, որի հետ միասին «Վերադարձ» մշակութային բարեգործական հիմնադրամի եւ Արեւմտահայերի ազգային կոնգրեսի մշակույթի հանձնաժողովի նախագահ Արագած Ախոյանը հուշագիր ստորագրեց:
Օսման Կավալլան հայտնեց, որ նման նախաձեռնությունները նպաստում են մշակութային ընդհանրությունները եւ պատմությունը հասկանալ:
Նրա ձեւակերպմամբ, անչափ ուրախալի է, որ անցյալ տարի Անին ընդգրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: «Շնորհավորում եմ ամբողջ հայ ժողովրդին, քանի որ Անիի ընդգրկումը այդ ցանկում կնպաստի, որ հայ ճարտարապետների գլուխգործոցը հանդիսացող գոհարները ավելի ճանաչելի լինեն»,-նշեց«Անատոլու կուլտուր» հիմնադրամի նախագահը:
«Տարիներ շարունակ նախաձեռնություններ ենք իրականացնում արեւմտյան Հայաստանում: Մեր նպատակը տեղի ժողովրդին ասելն է, որ մեր պատմամշակութային արժեքներն ունեն տերեր, որոնք մի օր վերադառնալու են»,- ասաց Արագած Ախոյանը, շեշտելով, որ Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը պետք է նախապատրաստել գալիքին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ