Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Կոստանյանը ԵԽ նախարարների կոմիտեում առաջարկել է դադարեցնել ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցությունը. Panorama.am

Հունիս 07,2017 21:09

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում հունիսի 6-7-ին տեղի ունեցան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ քննարկումներ։ Օրակարգում, ի թիվս այլ վճիռների, ներառված էր նաև «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը։

Ինչպես հայտնում է Ստրասբուրգից Panorama.am-ի թղթակիցը, Մամմադովի գործի քննարկմանը ելույթ է ունեցել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը սկզբունքորեն և հետևողականորեն հենց իր տարածքում խախտում է իր քաղաքացիների իրավունքները և Իլգար Մամմադովը, ով ըստ ՄԻԵԴ վճռի ակնհայտ ապօրինի կալանավորվել է ու դատապարտվել, պետք է անմիջապես ազատ արձակվեր, սակայն Ադրբեջանը 3 տարի շարունակ հրաժարվում է այս վճիռը կատարելուց։

«Մենք ԵԽ նախարարների կոմիտեում ընդգծեցինք, որ Ադրբեջանի քաղաքականությունը հանգեցնում է մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումների հենց իր տարածքում ու իր ժողովրդի նկատմամբ և, արդյունքում, առաջարկեցինք քննարկման առարկա դարձնել ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանին ձայնի իրավունքից զրկելու և հետագայում Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը դադարեցնելու հարցը։ Մենք, ըստ էության, առաջ քաշեցինք Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության դադարեցման բանաձև, ընթացակարգ՝ այդ նպատակին հասնելու համար»,- ասաց Գևորգ Կոստանյանը։

Գևորգ Կոստանյանը նշեց, որ հայկական պատվիրակության ելույթից հետո 20-ից ավել պատվիրակություններ ելույթ են ունեցել ու աջակցել նախաձեռնությանը։ Այսօր արդեն «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարման վերաբերյալ նախատեսված քվեարկության ժամանակ նախարարների կոմիտեն որոշում է կայացնելու՝ այդ ընթացակարգը սկսելու համար։

«Ես՝ որպես պատվիրակության ղեկավար, տեսնելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքները չհարգելու քաղաքականությունը, նկատեցի, որ սա ԵԽ-ի համար անընդունելի վարքագիծ է, քանի որ ԵԽ անդամ երկրները պետք է հարգեն մարդու իրավունքներն իրենց տարածքում, հետո նոր այլ երկրներում մարդու իրավունքների ապահովման մասին բարձրաձայնեն։ Այս առաջարկությունն արվեց այն համատեքստում, որ, երբեմն, Հայաստանի վերաբերյալ գործերով, հատկապես ԼՂՀ-ում զինծառայողների հետ կապված գործերով, Ադրբեջանն առաջ է քաշում, թե Հայաստանը չի պահպանում մարդու իրավունքները։ Այժմ մենք ԵԽ բոլոր անդամ երկրներին առավել տեսանելի դարձրեցինք, որ Ադրբեջանն իր երկրում անգամ իր քաղաքացու իրավունքներն է ոտնահարում։

Սա աննախադեպ էր։ Արդյունքը դեռևս պարզ չէ, բայց այն, որ գործընթացն արդեն սկսվել է, նշանակում է, որ ԵԽ անդամ երկրների առնվազն մեծամասնությունը, ինչը կտեսնենք քվեարկության արդյունքում, մեզ հետ համաձայն է, որ Ադրբեջանը սկզբունքորեն խախտում է մարդու իրավունքները, ինչն  էլ հանգեցնում է նրան, որ նա ժողովրդավարության կրող չէ։ Սա, որպես հետևանք, պետք է հանգեցնի կամ նախարարների կոմիտեում Ադրբեջանի ձայնի իրավունքի կասեցմանը, կամ հետագայում անդամակցության դադարեցմանը»,-ասաց Գևորգ Կոստանյանը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Panorama.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930