Լրահոս
Օրվա լրահոսը

««Ծնկի բերելու» տարբերակը չի գործում»

Հունիս 07,2017 19:20

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը զարմանում է`ինչո՞ւ ենք այդքան կարեւորություն տալիս Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցին

 – Վերջերս մի հարցազրույցում դուք ասել էիք, որ առաջիկա 1-2 տարիներին Արցախի հարցի կարգավորումը կարող է մտնել որոշումների կայացման փուլ: Արդյոք դա՞ էին վկայում Միջազգային ճգնաժամային խմբի եւ «Քարնեգի» հիմնադրամի վերջին զեկույցները, որոնք պատերազմական գործողություններ են կանխատեսում Արցախում:

-Միջազգային ճգնաժամային խմբի կամ «Քարնեգի» հիմնադրամի զեկույցները պատերազմ սկսվելու-չսկսվելու հետ շատ հեռավոր առնչություն ունեն: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ի՞նչ են որոշելու կողմերը կամ նրանցից մեկը: Դա հետախույզների ոլորտի խնդիր է, իսկ հետախուզության գաղտնիքները չեն հրապարակվում: Եւ ես չեմ ընկալում, թե ինչո՞ւ մենք այդքան կարեւորություն ենք տալիս ՄՃԽ-ի զեկույցին:

Օրինակ, այնտեղ ասված է, որ պատերազմի դեպքում Արցախի Պաշտպանության բանակը ծրագրում է հակառակորդի տարածքում 15 կմ. խորությամբ նոր բնագծեր ստեղծել: Այդ տողերը գրողը հաստատ ՊԲ «խոհանոց» չի մտել եւ միայն ենթադրություն է անում, իսկ մեզ մոտ գտնվում են մարդիկ, որ հրճվում են. «Ախր մենք տարիներ շարունակ ասում էինք, որ տարածք հանձնելու փոխարեն պիտի մտածել հակառակորդին նոր եւ ավելի հուժկու հարված հասցնելու մասին, եւ ահա ՄՃԽ-ն կրկնել է մեր տեսակետը»: Ծիծաղելի է, նույնքան էլ` ցավալի: ՄՃԽ զեկույցը գրվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցին ընդառաջ եւ ունի մի նպատակ. կողմերի հասարակություններին ասել, որ կարգավորման որեւէ տարբերակ իրենց պատկերացումների առավելագույնը չի բավարարելու, լինելու է փոխզիջումային եւ ցավոտ լուծում:

Ինչ վերաբերում է կանխատեսումներ անելուն, ապա 2015թ. սեպտեմբերին ձեր թերթին տված հարցազրույցում ես, ընդհանուր առմամբ տեսել եմ պատերազմի այն վտանգը, որը, ցավոք, առարկայացավ անցած ապրիլին: Այսօր ես դա չեմ տեսնում: Իսկ երբ ասում եմ, որ առաջիկա մեկ-երկու տարում կարող է գալ որոշումներ ընդունելու փուլը, ապա նկատի եմ ունենում հետեւյալը. 2018 թվականը առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի տարին է: Աշխարհը, բնականաբար, պետք է այն նշանավորի ոչ միայն սիմվոլիկ միջոցառումներով, այլեւ քաղաքական համերաշխությամբ: Նույն տարում Հարավային Կովկասի երկրները կնշեն անկախության իրենց հարյուրամյա հոբելյանը: Դա նույնպես հնարավորություն է` հաղթահարելու տարաձայնությունները:

2018-ին Հայաստանը կանցնի խորհրդարանական կառավարման, կփակվի իշխանության վերադասավորման փուլը, կսկսվի նորը: Այդ տարի իշխանության հարցը գրեթե վերջնականապես կլուծվի Ադրբեջանում. կամ Ալիեւը չորրորդ ժամկետով նախագահ կընտրվի, կամ երկրի ղեկավար կդառնա Մեհրիբան Ալիեւան, կամ տեղի կունենա ֆորս-մաժոր: Կլուծվի նաեւ ՌԴ նախագահի հարցը, Պուտինը երկրորդ անգամ երկրորդ ժամկետով նախագահ կընտրվի, կհայտարարի իրավահաջորդի մասին: ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում կավարտվի քաղաքական «դեմիսեզոնը», Վաշինգտոնում եւ Փարիզում նոր վարչակազմերը վերջնականապես կորոշեն արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Կճշգրտվի Իրանի եւ Թուրքիայի տեղը, դերը միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության մեջ, կուրվագծվի քրդական թնջուկի լուծման հեռանկարը: Հույս ունեմ, որ օրակարգից հաղթահարված կլինի ISIS-ի` իսլամական արմատականության գաղտնիքը: Ես, ահա, այս գործոնների հետ եմ կապում իմ լավատեսությունը եւ շատ կուզենայի սխալված չլինել:

 – Անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո Ալիեւը կգնա՞ նոր արկածախնդրության`վտանգելով սեփական իշխանությունը: Ի դեպ, ռազմական գործողությունների հավանականությունը չէր բացառել նաեւ Արցախի ՊԲ հրամանատարը:

– Մի առիթով, կարծեմ` դարձյալ «Առավոտի» հարցին ի պատասխան, հիշեցրել եմ հայտնի խոսքը, որ պատերազմը չափազանց բարդ գործ է, որպեսզի վստահվի միայն գեներալներին: Պաշտպանության բանակի հրամանատարը չի կարող այլ ընկալում ունենալ: Նա պետք է խոսի պատերազմի հավանականությունից, որպեսզի մենք կարողանանք բացառել դա: Ալիեւի «արկածախնդրության» մասին. որքան էլ մենք նրան ծաղրենք կամ ապուշի տեղ դնենք, փաստերը հակառակն են ասում: Նա, օրինակ, կարողացավ նվազագույն կորուստներով դուրս գալ հետապրիլյան ֆրուստրացիայից: Իսկ դա խոսում է այն մասին, որ ապրիլը բոլորովին էլ «արկածախնդրություն» չէր: Չխորանամ, որպեսզի ապրիլյան պատերազմի այս կամ այն մեկնաբանության ապոլոգետ չդառնամ: Միայն ընդգծեմ, որ դա Ադրբեջանի որոշումը չէր: Հուզական մի պահի, երբ պատերազմը դեռ լիովին կանգնեցված չէր, ասել եմ, որ ժամկետային ծառայության մեր բանակը կանխել է «Ալեքսանդրապոլ-2»-ը:

Շահագրգիռ կողմերը հասկացել են, որ հայկական կողմին «ծնկի բերելու», նրան պայմանավորվածություններ պարտադրելու տարբերակը չի գործում: Առաջին հերթին դա ըմբռնել է Ալիեւը: Տեսեք, թե ինչ է կատարվում Ադրբեջանի զինված ուժերում: Արդեն մի քանի ամիս է, այնտեղ «գլուխներ են թռցնում»: Բաքվում ապրիլյան պատերազմը վերլուծվում է ամենայն մանրամասնություններով: Դա տեսնելու համար բավական է ուշադրությամբ հետեւել ադրբեջանական մաս-մեդիային: Ադրբեջանը հիասթափված է եւ Ռուսաստանից, եւ Արեւմուտքից, անգամ` Թուրքիայից եւ որոնում է, եթե կարելի է ասել, «ուժային ապահովության» նոր բեւեռ: Եւ դա, ըստ երեւույթին, տեսնում է իսլամական աշխարհի այն երկրներում, որ Իրանի հետ նույն ճամբարում չեն: Վստահաբար կարող եմ ասել, որ դա ձախողված փնտրտուք է: Ոչ թե նրա համար, որ այդ երկրները մեր գեղեցիկ աչքերի համար չեն գնա դրան, այլ` որ աշխարհի երեք բեւեռները` Ռուսաստանը, Արեւմուտքը եւ Չինաստանը թույլ չեն տա, որ, ասենք, Պակիստանը դառնա ադրբեջանական էքսպանսիոնիզմի հովանավոր:

Եվ դա կանեն հանուն սեփական շահի: ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, ունենալով արմատական հակասություններ, Չինաստանի «էքսպանսիան» չեզոքացնելու հարցում միասնական են: Ուր մնաց, թե հանդուրժեին Պակիստանի կամ Սաուդյան Արաբիայի հավակնությունները Սեւծովյան-Կասպյան եւ Կենտրոնական Ասիայի հսկայական տարածաշրջանում: Ես, համենայն դեպս, չեմ համարում, որ Ադրբեջանը պատերազմ սկսելու ինդուլգենցիա կստանա, իսկ առանց դրա Ալիեւը չի տա Արցախը գրոհելու հրաման: Իսկ հայկական կողմից իրավիճակ սրելու անհրաժեշտություն այս իրավիճակում նույնպես չկա:

– Մերձավոր Արեւելքում իրավիճակը սրվում է, արաբական երկրները հակաիրանական կոալիցիա են կարծես ձեւավորում: Տարածաշրջանային լարումները կարո՞ղ են Ալիեւին դրական հույսեր ներշնչել:

– Ոչ: Թող պարադոքսալ չհնչի, բայց իմ տպավորությամբ Մերձավոր Արեւելքում իրավիճակը մոտենում է հանգուցալուծման: Հակաիրանական «կոալիցիան ստեղծվում է», որպեսզի Թեհրանը մերձավորարեւելյան «քաղցրաբլիթից» բաժին չունենա: Ինչպես նաեւ` Թուրքիան: Դա Սիրիայի հարցով ռուս-թուրք-իրանական կոալիցիայի պատասխանն է: Պատահական չէ, որ Կատարի հարցը դարձել է Էրդողանի նախաձեռնությամբ ռուս-թուրքական բարձր մակարդակի հեռախոսազրույցի թեմա: Ի վերջո, չմոռանանք, որ Մերձավոր Արեւելքը «պայթեցվել է» 1-ին համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայելու համար: Իսկ հարյուր տարի առաջ տուժել են ԱՄՆ-ը եւ բոլշեւիկացած Ռուսաստանը: Այսօր այդ երկրները դատապարտված են համերաշխության: Եթե ԱՄՆ նախագահը չընդունի Ռուսաստանից արվող առաջարկությունները, ապա միայն կկորցնի: Ռուսաստանին Մերձավոր Արեւելքից «ցախավելը պոչին կապած քշելու» մասին մտավարժանքները դրանց հեղինակների հանդեպ միայն խղճահարություն են հարուցում: Դա նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում են հասկացել…

– Շատ է խոսվում այն մասին, որ հայկական պետությունները այս բավական բարդ ու վտանգավոր իրավիճակներից օգուտներ պիտի քաղեն: Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ օգուտների մասին է խոսքը, ինչպե՞ս պետք է դրանք քաղել:

– Անկեղծ ասած` ոչ, ինչքան էլ, որ երեւակայությունս լարեմ: Մենք մի մեծագույն առավելության հասել ենք. Հայաստանը Հարավային Կովկասի, Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի միակ երկիրն է, որ կոմունիստական աշխարհակարգի փլուզման դարաշրջանում տարածքային կորուստներ եւ քաղաքական համակարգի, ազգային ինքնության դեգրադացիա չի ունեցել: Միջազգային հարաբերություններում Հայաստանն այսօր որոշակիորեն պայմանադիր երկիրր է` որպես պնդում է Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավոր: Դա պատմա-քաղաքական, նաեւ` քաղաքակրթական եւ մենթալիտետի առավելություն է: Տեսեք, Հայաստանի բոլոր հարեւաններն ունեն լրջագույն խնդիրներ` Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, անգամ` Իրանը: Բայց մենք այդ առավելությունը չենք կապիտալացնում: Ընդհակառակը, արդեն քսան տարի է` հետեւողականորեն մսխում ենք: Եթե որեւէ մեկը ստեղծված իրավիճակում Հայաստանի «օգուտ» է տեսնում ԱՄՆ նախագահ Վիլսոնի ռեինկառնացիան, ապա դա, իրոք, վտանգավոր արկածախնդրություն է: Նախ, ես վստահ եմ, որ Թուրքիան չի մասնատվելու:

Երկրորդ, եթե անգամ սխալվում եմ, ապա մեզ համար որեւէ շահ չեմ տեսնում, որ Վանը կարող է դառնալ քրդական պետության մայրաքաղաք: Կամ` Դիարբեքիրը, կամ` Իգդիրը: Անմտություն է հուսալ, թե քրդերը վաթսուն տարվա պայքարից հետո պետություն ստեղծելով` մեզ ինչ-որ բան կվերադարձնեն: Չկա երաշխիք, որ քրդերը մեր նկատմամբ ավելի հանդուրժողական կլինեն, քանի որ, եթե Թուրքիայում քրդական պետություն ստեղծվի, ապա միայն` Արեւմտյան Հայաստանի տարածքի կամ դրա մի մասի վրա: Իսկ դա նշանակում է, որ ցեղասպանության համար պատասխանատվությունը Թուրքիայից կանցնի այդ պայմանական Քուրդիստանին:

Տրամաբանորեն` քրդերը նույնքան, գուցե` ավելի, մերժողական կեցվածք կընդունեն, որքան Թուրքիան ունի ցեղասպանության հարցում: Հակառակը չի կարող լինել, կրկնում եմ` քրդերը պետության չեն ձգտում, որպեսզի հետո այն մեզ հետ կիսեն: Ինձ կարող են ինչ պիտակ ասես կպցնել, բայց գերադասելի է կայուն, միասնական եւ ժողովրդավարության ճանապարհ ընտրած Թուրքիայի, քան` անկանխատեսելի եւ ագրեսիվ Քուրդստանի հարեւանությունը: Նայեք «Մեծ Քուրդիստանի» քարտեզին, ներկայիս Հայաստանի եւ Արցախի տարածքների մի զգալի մասը ներկված է «հեղափոխական» կարմիր գույնով: Թուրքերը, երբ գծում են «Մեծ Թուրանի» քարտեզը, Հայաստանը կանաչ չեն ներկում…

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930