Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ ծրագրերի հաստատման հարցի քննարկումն է ԱԺ-ում: Նախագծով առաջարկվում է եւս 24 պետական հիմնարկներ մասնավորեցնել:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանրային քննարկում չկազմակերպելը ճիշտ չէ: Այն հիմնարկները, որոնք այս ծրագրով մասնավորեցման են հանձնվելու, առնչվում են հազարավոր մարդկանց հետ, մարդիկ դրանց շահառուն են, օրինակ, Հայփոստի: Փաշինյանի խոսքերով՝ Նեւրոզների հանրապետական կենտրոնը առանց շահառուների հետ քննարկելու, իրենցից փակ այսպես սեփականաշնորհելով՝ էդ մարդկանց ավելի ենք ներվայնացնում:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես պահանջեց խորհրդարանական լսումներ կազմակերպել՝ հատկապես առողջապահական, կարեւոր ռազմավարական օբյեկտները սեփականաշնորհելուց առաջ. «Բազմաթիվ հարցեր ունեմ Ուռուցքաբանության կենտրոնի ղեկավարությանը, Կուրորտաբանության կենտրոնի ղեկավարությանը, ինձ շատ հետաքրքիր է, թե ինչու այդ հիվանդանոցները չեն կարողանում իրենց առջեւ դրված խնդիրը լուծել, բայց այդ հիվանդանոցների ղեկավար բժշկական կազմն ապրում է միլիոնատերերի նման։ Որտեղի՞ց շարքային բժշկին այդքան հարստություն, երբ իր հիմնարկում անգամ պետպատվերով հաշմանդամ զինվորից գումար են գանձում՝ վիրահատության համար»։
Պատգամավորի խոսքերով՝ պետպատվերով հիվանդներից ուռուցքաբանականում գումար են ուզում. «Չունես գումար՝ քո պետպատվերն իրենց համար ընդամենը զիբիլ է, թուղթ, որը շպրտում են մի կողմ»: Նա վստահեցրեց, որ այս մասին բազմաթիվ նամակներ է ստանում քաղաքացիներից:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու: Մինչդեռ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանի խոսքերով՝ «Ես ջատագով եմ այս ազատական հարաբերությունների: Մենք տեսանք, որ մասնավորեցումը շատ ավելի արդյունավետ է բազմաթիվ օրինակների, մասնավորապես՝ առողջապահական հիմնարկների կտրվածքով»: Նրա խոսքերով՝ մենք հասկանում ենք, որ տարբերակ չունեք, պետք է ընդունեք պետգույքի մասնավորեցման այս ծրագիրը:
«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ հիշեցրեց, որ այս օբյեկտները, որոնք մասնավորեցման են հանձնվում, անտեր չեն, սրանց տերը պետությունն է ու քանի որ այս գործընթացում կա խուսափողականություն, հնարավոր է կոռուպցիոն ռիսկ կա: Նա հիշեցրեց, որ «ԱրմենՏելն» էլ չնչին գումարներով սեփականաշնորհեցին, կարճ ժամանակ անց վերավաճառվեց եւ խոշոր գումարներ ստացան այդ «գնորդները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ