Հունիսի 7-ին Լաթաքիայի «Հմեյմիմ» ռազմական օդանավակայան ժամանեց Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի առաջին օդանավը:
Մարդասիրական օգնությունը, որն օդանավակայանում ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, բեռնատարներով կտեղափոխվի սիրիական չորս քաղաք՝ Դամասկոս, Հալեպ, Լաթաքիա և Քեսաբ, որտեղ կիրականացվի օգնության բաշխումը կարիքավոր ընտանիքներին:
Վերջին մեկ տարվա ընթացքում սա Հայաստանից Սիրիա ուղարկված երրորդ օգնությունն է: Այս անգամ Սիրիային հատկացվել է շուրջ 40 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Օգնության տեղափոխումը Սիրիա իրականացվում է Ռուսաստանի կողմից տրամադրված ռազմատրանսպորտային օդանավերի միջոցով:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն