ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:
Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման գործում ունեցած դերակատարության համար եւ նշել, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Որպես նորընտիր Ազգային ժողովի նախագահ՝ ուզում եմ շեշտել, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը: ԵՄ-ի հետ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ մենք հաստատակամ ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում»:
Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ շուտով կստորագրվի ԵՄ-Հայաստան հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, եւ առկա հարաբերությունները կթեւակոխեն իրավական նոր հարթություն:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանների դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաեւ ընդգծել Եվրոպական միության կողմից Ազգային ժողովի հետ իրականացվող համատեղ ծրագրերի նշանակությունը:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք:
Պյոտր Սվիտալսկին կարեւորել է խորհրդարանի դերը ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում եւ հույս հայտնել, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները կշարունակեն համագործակցել ԵՄ պատվիրակության հետ:
Դեսպանը նշել է, որ տարիներ շարունակ շփվելով հայ հասարակության հետ, նկատել է, որ հայերն ավելի եվրոպացի են, քան ԵՄ անդամ շատ երկրների ներկայացուցիչներ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման եւ հակակոռուպցիոն բնագավառներում իրականացվող բարեփոխումներին:
Հանդիպման ավարտին Պյոտր Սվիտալսկին պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերին եւ նախաձեռնություններին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ