Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, խոսելով նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը Անահայմում (ԱՄՆ) կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու եւ ակնկալիքների մասին, Aravot.am-ին ասաց. «Հավաքականի բոլոր անդամները ուսումնամարզական հավաքում են: Սակայն, հնարավոր է, աշխարհի առաջնություն մեկնի 3 կամ 4 ծանրորդ, քանի որ այս աշխարհի առաջնությունը մեզ ոչինչ չի տալիս: Մենք Անահայմում հանդես ենք գալու միայն մեդալի ձգտելու նպատակով: Այս տարի մեր առաջնային նպատակը տեսնելն է, թե աշխարհի հաջորդ առաջնությանը, որն օլիմպիական վարկանիշային է, ինչպիսի՞ հավաքականով ենք մասնակցելու»:
Հարցին, թե Անդրանիկ Կարապետյանը ներկայումս ի՞նչ մարզավիճակում է, պարոն Ալավերդյանը պատասխանեց. «Անդրանիկը վնասվածքից լիովին վերականգնվել է: Բոլորը տեսան, թե նա Եվրոպայի առաջնությանը ինչպես մասնակցեց: Հիմա ավելի լավ մարզավիճակում է եւ մարզումների ժամանակ նորմալ կիլոգրամներ է բարձրացնում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ