ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ ունեցավ՝ որպես «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պատգամավոր: Նա ասաց, որ երբեմն խորհրդարանում հնչում են արտահայտություններ, որոնք իրեն ստիպում են զգալ իրեն այնպես, ինչպես «Կոշում». «Անընդհատ օգտագործվում է գործ տալ, գործ տվող արտահայտությունները: Այդ հասկացությունները հանցագործ աշխարհին հատուկ հասկացություններ են: Իսկ հանցագործ աշխարհի գործառնական նշանակությունը թալանելն է, գողանալը, եթե դրա համար անհրաժեշտ է նույնիսկ սպանել՝ նաեւ սպանել: Մենք ի՞նչ ուղերձներ ենք մեր երիտասարդությանը հղում: Բանակում շատ խնդիրներ սրանից են գալիս, երբ մեկը, երբ տեսնում է, որ տանկից վառելիք են գողանում, պետք է զեկուցագիր գրի բանակի ղեկավարությանը, մարտական հերթապահության մեջ գտնվող տանկի մեջ վառելիք չկա, կողքից ասում են՝ արա, հո դու գործ տվող չես: Պոստերում փամփուշտի մեջ երբ հող է լցված, պետք է զգուշացնել, ասում են՝ հո դու գործ տվող չես, երբ մարդկանց կյանքերն են զոհասեղանին դրված»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն ԱԺ-ում իր ելույթում հայտարարել էր, որ կոռումպացված չինովնիկի մասին տեղեկություն տվողը գործ տվող է, ըստ նրա, ազդարարի ինստիտուտը հայեցի չէ, չի կարող Հայաստանում աշխատել:
Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում կա Քրեական դատավարության օրենսգիրք, երբ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին նախաքննական մարմիններին տեղյակ պահել:
Փաշինյանի դիտարկմամբ՝ «Մենք պետք է թույլ չտանք այս ամբիոնից հնչեցնել խոսքեր եւ ելույթներ, որոնք պատերի տակ պպզածներին թույլ կտան ավելի պինդ պպզել՝ իրենց զգալով ՀՀ-ի տեր եւ տնօրեն: Որպես «Կոշ» ՔԿՀ-ի նախկին կալանավոր՝ ասեմ, որ գործ տալու մասին ազդարարողները իրենք սահմանված ժամանակ եւ տեղերում վազում են եւ ակտիվ գործ են տալիս՝ իրենց տրամաբանության շրջանակներում մարդկանց մասին ստեր գրելով, զրպարտագրեր գրելով, հենց այդ գողականները, հանցագործ աշխարհի ներկայացուցիչները, ովքեր միֆ են ստեղծել: Իմ համոզմունքը հետեւյալն է, որ, այսպես ասած, «գործ տալու դեմ» պայքար մղողները ամենախոշոր գործ տվողներն են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ