Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ պատգամավորը «գործ տվող» է անվանում կոռումպացված չինովնիկի դեմ պայքարողներին, Թանդիլյանը վրդովված է (Տեսանյութ)

Հունիս 07,2017 16:40

ԱԺ-ում Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման հետ կապված հարցի քննարկման ժամանակ նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը խոսեց նաեւ նախատեսված ազդարարի ինստիտուտի մասին:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը (լուսանկարում) ԱԺ-ում դրա հետ կապված ուշագրավ մտքեր արտահայտեց, որը վրդովվեցրեց մյուս պատգամավորներին:

Մասնավորապես, ՀՅԴ երիտասարդ պատգամավորին մտահոգել էր՝ ազդարարի ինստիտուտը Հայաստանում կաշխատի՞, թե ոչ, եթե աշխատի, ապա ի՞նչ հետեւանքներ դա կունենա. «Նախ, ներքին ազդարարի մասին ասվում է՝ մի հիմնարկում աշխատող երկու աշխատողներ իրար հետ հարաբերություններ կազմելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ, սա ավելորդ անջրպետ է ստեղծում աշխատողների միջեւ: Մենք բոլորս հայ ենք, գիտենք ինչ արժեքներ ենք կրում եւ եվրոպական արժեքները միշտ չի, որ մեր հայկական արժեքների հետ համատեղելի են: Եթե այս ազդարարի ինստիտուտը աշխատի մեր երկրում՝ ինչ հետեւանքներ կունենա, եթե չի աշխատի՝ ինչու ենք ուզում ընդունել: Իմ կարծիքով, ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս հարիր չէ: Երեկ, երբ էս օրենքը ես կարդում էի, առաջին հերթին միտքս եկավ այն գաղափարը, որ ժողովրդական խոսքով ասած՝ սա գործ տալու ինստիտուտ է: Եկեք գնանք բոլորս բոլորի վրա գործ տանք, գնանք աշխատանքի, չկարողանալով մեկս մյուսի աչքերի մեջ նայել՝ կասկածելով, որ մեկը մյուսի վրա կարող է գործ տա: Մենք, իմ կարծիքով, հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք, իմ կարծիքով նման բան սահմանելը մեր երկրին հարիր չի: Եկեք հայ մնանք»:

Կարապետյանի այս մտքերը բարկացրել էին «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանին: Նրա խոսքերով՝ այն որակումները, որ հնչեցին ԱԺ բարձրագույն ամբիոնից, վրդովվեցրել են իրեն, որովհետեւ խոսել մարդկանց մասին, ովքեր կարող են լինել ազդարարներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում եւ նրանց անվանել գործ տվող, համարել, որ դա հայեցի չէ՝ անընդունելի է. «Ես համարում եմ, որ հենց դա հայեցի չէ նման ձեւով ընկալել մարդկանց եւ քաղաքացիների, ովքեր պատրաստ են կոռուպցիայի դեմ պայքարում ունենալ իրենց մասնակցությունը: Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է հայեցին՝ ջայլամություն անել, երբ տեսնում ես կոռուպցիոն ռիսկեր, փաստեր եւ հնարավորություն՝ այդ մասին խոսելու, բայց ջայլամություն անել, որովհետեւ դա հայեցի չէ՞, ամո՞թ է, անպատվաբե՞ր է: Ես համարում եմ, որ մենք ճիշտ հակառակ գործով պետք է այստեղ զբաղվենք»:

Նա ասաց, որ կոռուպցիան այնքան խորը արմատներ ունի, այնքան դժվար է հայտնաբերել, որ յուրաքանչյուր մարդու մասնակցությունը պետք է առնվազն խրախուսվի, ոչ թե նրանց գործ տվող համարեն:

Թանդիլյանը կոչ արեց օգտագործել նոր մարմնի լծակը, կոչ արեց կոռուպցիան ընկալել որպես պետական դավաճանություն. «Հանրությունը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա՝ դրա դեմ պայքարելու: Ազդարարի ինստիտուտը պետք է լինի այդ լծակը»:

Մանե Թանդիլյանն ասաց. «Եթե եվրոպական արժեք ասելով՝ մենք հասկանում ենք պայքար կոռուպցիայի դեմ, ուրեմն այո, այդ արժեքները պետք է կիրառենք այստեղ, որովհետեւ եվրոպական արժեքները համամարդկային արժեքներն են, քրիստոնեական արժեքներն են, որտեղ չի խրախուսվում թալանը եւ մի շարք այլ երեւույթներ, որոնք կան մեր պետական համակարգում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930