Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էր Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը

Հունիս 07,2017 15:26

Հունիսի 7-ին Հռոմում կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոյի հանդիպումը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ երկու երկրները հազարամյակների բարեկամության պատմություն ունեն, ինչը ամուր հիմք է հանդիսանում տարբեր ոլորտներում համագործակցությունը առավել խորացնելու և ամրապնդելու համար. «Ես համոզված եմ, որ անցյալը ապագան կառուցելու լավագույն հիմքն է, և այս բանաձևը դրված է մեր հարաբերությունների հիմքում»։

Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25 տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է ձևավորել ակտիվ քաղաքական երկխոսություն և խորացնել փոխգործակցությունը տարբեր բնագավառներում:

Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:

Էդվարդ Նալբանդյանը և Անջելինո Ալֆանոն էական ձեռքբերում համարեցին նույն օրը հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի աշխատանքների անցկացումը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցությանը:

Քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, ձեռնարկվելիք քայլերը: Անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման հարցերին։

Նախարարները մտքեր փոխանակեցին երկու երկրների միջև առկա գործարար կապերի ընդլայնման շուրջ՝ այդ առումով կարևորելով երկու հարյուրից ավել գործարարների մասնակցությամբ բիզնես ֆորումի անցկացումը Հռոմում։

Կարևորվեց կրթության, գիտության, մշակույթի, պատմական հուշարձանների պահպանման ոլորտներում համագործակցության շարունակական ամրապնդումը: Այս առումով արժևորվեց անցյալ տարի Իտալիայի ԱԳ նախկին նախարար, ներկայիս վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարության ստորագրումը։

Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իտալական զորախմբի կազմում հայ խաղաղապահների մասնակցությունը:

Հանդիպման օրակարգում էր Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց վերջերս Բրյուսել կատարած իր այցելության, Հայաստան-Եվրոպական միություն խորհրդի արդյունքները։ Երկուստեք կարևորվեց աշնանը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախատեսվող ստորագրումը:

Կողմերն անդրադարձ կատարեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ-ում գալիք տարի Իտալիայի նախագահության առաջնայնությունների և այդ կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ։

Էդվարդ Նալաբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։

Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Իրաքում տեղի ունեցող զարգացումներին, միգրացիոն հոսքերին, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին։

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930